Կոուտինիոն ցանկանում է վերցնել Ինիեստայի 8 համարը
Մյուս մրցաշրջանում կատալոնական «Բարսելոնայի» մշտական 8 համար Անդրես Ինիեստան այլևս չի լինի կատալոնական ակումբում: Թիմի բրազիլիացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինիոն արդեն խնդրել է ակումբի ղեկավարությանը՝ իրեն տալ Ինիեստայի 8 համարը:
Mundo Deportivo-ին նշում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը դեռևս որոշում չի կայացրել:
Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան Եվրոպայում ավարտելու մասին: Ինիեստան որոշել է կարիերան շարունակել Չինաստանում, որտեղ ոչ միայն ֆուտբոլ կխաղա, այլ նաև կզարգացնի իր բիզնեսը: Կատալոնական «Բարսելոնայի» ավագը ոչ միայն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, այլև հայտնի գինեգործ:
Մի քանի տարի առաջ Ինիեստան 10 միլիոն դոլար ներդրեց իր հայրենի քաղաքի՝ Ֆուենտեալբիլիայի խաղողի այգիներում և սկսեց գինու արտադրություն:
Իր բիզնեսին Ինիեստան վերաբերվում է այնքան լուրջ, որքան ֆուտբոլին: Ամեն տարի արտադրվում է 700 հազար շիշ կարմիր, սպիտակ և վարդագույն գինի: Բրենդը կոչվում է Bodega Iniesta: Գինու տեսակներից մեկը կոչվել է Ինիեստայի աղջկա՝ Վալերիայի անունով: Գինիները վաճառվում են ոչ միայն՝ Իսպանիայում, այլև՝ Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:
Սիրարփի Աղաբաբյան