«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորվելիք կառավարությունը լինելու է փոքրամասնության կառավարություն»

Վարչապետի պաշտոնում ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորվելիք կառավարությունը լինելու է փոքրամասնության կառավարություն. այն լինելու է ժամանակավոր կառավարություն, որը պետք է լուծի իր առջև դրված խնդիրները և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ես համոզված եմ, որ այդ կառավարությունը կլուծի իր առջև դրված խնդիրները: Առաջին խնդիրը Ընտրական օրենսգիրքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելն է, իսկ երկրորդը` մինչև արտահերթ ընտրություններ կայունություն և զարգացում ապահովելը»,- ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին` նա նշեց, որ ընտրությունները պետք է ապահովեն բոլոր պայմանները, որոնք կերաշխավորեն դրանց արդար անցկացումը:

Հարցին` ինչպե՞ս են պատկերացնում արտահերթ ընտրությունների կազմակերպումն այն պայմաններում, երբ Սահմանադրությամբ դրա հնարավորությունները սահմանափակ են, իսկ խորհրդարանում մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն, Մարուքյանն ընդգծեց, որ դա բանակցությունների արդյունք պետք է լինի:

«Ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է հասնել նաև սահմանադրական օրենքների փոփոխության, հակառակ դեպքում ճգնաժամը շարունակվելու է»,- նշեց պատգամավորը:

Հարցին` նոր կառավարության ձևավորումից հետո որտե՞ղ է իրեն պատկերացնում, Է. Մարուքյանը պատասխանեց, որ նման քննարկում չեն ունեցել:

Նա դժվարացավ պատասխանել նաև հարցին` արտահերթ ընտրությունների գնալու են «Ելք» դաշինքով, թե դաշինքի անդամ կուսակցություններն առանձին-առանձին կմասնակցեն ընտրություններին: Պատգամավորն ասաց, որ այդ հարցը չեն քննարկել:

Էդմոն Մարուքյանը նաև վստահեցրեց, որ «Ելք» դաշինքում տարաձայնություններ չկան: Նրա խոսքով` ժամանակին եղել են մարտավարական տարբեր մոտեցումներ տարբեր հարցերում, սակայն հիմա կա նոր իրավիճակ, իրականացվել է թավշյա հեղափոխություն, որը պետք է հասնի իր արդյունքներին, և կան իրենք, որ աջակցում են այդ հեղափոխության կապիտալիզացիային:

Տեսանյութեր

Լրահոս