Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի կայքի գլխավոր լոգոն ներկվել է հայկական դրոշի գույներով
Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի պաշտոնական կայքի գլխավոր լոգոյում ընդգրկվել է նաև հայկական եռագույնը: Дождь բառի մեջ «ж» տառի փոխարեն կարմիր, կապույտ և ծիրանագույն գույներով «///» նշան է տեղադրված:
Հեռուստաալիքը վերջին օրերին բազմիցս անդրադարձել է Հայաստանում ընթացքող ներքաղաքական իրադարձություններին:
Հեռուստաընկերությունը պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի արել լոգոյի գույների վերաբերյալ:
Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում:
Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը չընտրեց վարչապետ՝ ձայների 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ (անհրաժեշտ էր 53 կողմ ձայն): ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու:
Երկրում ընթացող ակցիաներն ու ցույցերը կրել են բացառապես խաղաղ բնույթ՝ լինելով միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ՀՀ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար հավատարմագրվել էր մոտ 100 միջազգային լրատվամիջոց: