ՌԴ-ն և Թուրքիան համատեղ են ստուգելու ներկրվող թուրքական լոլիկը
Ռուսաստանը եւ Թուրքիան մայիսի 10-ից Գելենջիկ ծովային նավահանգստում համատեղ են իրականացնելու ՌԴ ներկրվող թուրքական լոլիկի ֆիտոսանիտարական հսկողությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին. հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»:
«2018 թվականի մայիսի 10-ից Գելենջիկ ծովային նավահանգստում Թուրքիայի Հանրապետության պարենի, գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարարության պարենամթերքի եւ հսկողության դիրեկտորատի հետ համատեղ իրականացվելու է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող թուրքական լոլիկի խմբաքանակների ֆիտոսանիտարական հսկողությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ծառայությունը նաեւ նշում է, որ մայիսի 3-ին կայացել են «Ռոսսելխոզնադզորի» բանակցությունները Թուրքիայի գործընկերների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են տավարի միս արտադրող ռուսական ձեռնարկությունների առաջիկա կրկնական տեսչական ստուգմանը վերաբերող տեխնիկական հարցերը, ինչպես նաեւ այդ ձեռնարկությունների կողմից անասնաբուժության բնագավառում թուրքական օրենսդրության պահանջների կատարումը:
Save