Դալայ-լաման հորդորել է խաղաղություն հաստատել Սիրիայում
Դալայ-լաման դատապարտել է էգոցենտրիզմը եւ ամբողջ համաշխարհային հանրակցությանը կոչ է արել ջանքեր գործադրել Սիրիայում եւ Եմենում իրադրության շուտափույթ կարգավորման եւ մոլորակի բոլոր թեժ կետերում խաղաղության հաստատման համար: Այս մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, նա հայտարարել է Հնդկաստանի Դհարամսալա քաղաքի իր նստավայրում Ռուսաստանի առաջատար գիտնականների հետ կայացած խորհրդաժողովում:
«Այժմ, երբ մենք ձեզ հետ խաղաղ եւ հանգիստ պայմաններում նստած ենք, մարդիկ Եմենում, Սիրիայում, մոլորակի այլ կետերում սպանում են միմյանց: Մահանում են, այդ թվում, փոքր երեխաներ՝ ռազմական գործողություններից, քաղցից, դեղորայքի պակասից: Եվ սոսկալի է, որ մարդիկ միմյանց սպանում են կրոնի դրոշի ներքո՝ այն օգտագործելով իրենց նպատակներով, մինչդեռ բոլոր կրոնները հաշտության, սիրո եւ կարեկցության կոչ են անում»,- ասել է Դալայ-լաման:
Նա նշել է, որ Երկրի բոլոր բնակիչները եղբայրներ ու քույրեր են: «Մենք անհեռատես ենք, երբ կարծում ենք, թե մեզնից ինչ-որ առանձնահատուկ բան ենք ներկայացնում, եւ երբ պատրաստ ենք վնաս բերելու ուրիշների՝ մեզ համար ինչ-որ բանի հասնելու համար: Արդի աշխարհում բոլորը փոխկապված են. Արեւելք-Արեւմուտք-Հյուսիս-Հարավ՝ բոլոր յոթ միլիարդ մարդիկ, մենք բոլորս կախված են մեկս մյուսից»,- ընդգծել է բուդդիզմի հոգեւոր առաջնորդը: