«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը ՀՀ-ին ձեռնտու չէ». Մարկեդոնով
«Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է: Ադրբեջանը մեզ սահմանակից երկիր է, հարևաններին չեն ընտրում, դա ռազմավարական տեսանկյունից կարևոր տարածաշրջան է Ռուսաստանի համար»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ռուսական քաղաքականությանը:
Նա նշեց, որ, եթե Ռուսաստանը «վիճի» Ադրբեջանի հետ, ռուս-ադրբեջանական հարաբերություններն ընթանան վրացական ուղիով, ապա ստացվում է, որ Հարավային Կովկասում երեք երկրներից երկուսը Ռուսաստանին թշնամաբար տրամադրված երկրներ են: Ի դեպ, նրա խոսքով, Հայաստանին ձեռնտու չի լինի ռուս-ադրբեջանական սրացումը, քանի որ այն կչեզոքացնի Մոսկվայի` Ադրբեջանին ճնշելու հնարավորությունը, քանի որ այդ ժամանակ բոլոր խաղաքարտերը բաց են: Խոսելով ռուս-ադրբեջանական զենքի գործարքներից` Մարկեդոնովն ասաց, որ Ադրբեջանը զենք է գնում մի շարք այլ երկրներից ևս, ինչպիսին են Իսրայելը, Ուկրաինան, Թուրքիան:
«Ռուս-ադբեջանական համագործակցություն այս ոլորտում կարող է լինել: Հայաստանը ռուսական զենք ստացող է, և՝ զեղչերով, իսկ Ադրբեջանի հետ միայն շուկայական հարաբերություններ են, այդ ռազմատեխնիկական հարաբերությունները փոփոխվել են տարիների ընթացքում:
Բայց հայ-ռուսական հարաբերությունների շահերի համար Ռուսաստանը պետք է ունենա նորմալ հարաբերություններ Ադրբեջանի հետ, և, եթե դրանք տապալվեն, տարածաշրջանում կուժեղանա թուրքական ազդեցությունը»,- ասաց Մարկեդոնովը: Նա նաև նշեց, որ Ռուսաստանը դասեր է քաղել Ապրիլյան պատերազմից և սկսել չթերագնահատել նախկինում շրջանառության մեջ հայտնվող տեղեկությունները, որ ռուսական զենքը կկրակի Արցախում: