Թուրքիան կոչ է արել պահպանել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը
Անկարան շահագրգռված է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պահպանմամբ, քանի որ Իրանը կատարում էիր ստանձնած պարտավորությունները: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարելէ Թուրքիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը: «Մենք բավականաչափ ջանքեր ենք գործադրել այդ ճգնաժամի կարգավորման գործում: Միջուկային գործարքը, որն ստորագրվել է Իրանի եւ «վեցյակի» կողմից, մեզ համար մեծ նշանակություն ունի:
Որքան մենք տեսնում ենք, Իրանը հետեւում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հանձնարարականներին: Իսկ եթե նա դրանք հետագայում չկատարի, այդ ժամանակ կլինեն համապատասխան գործողություններ: Սա է համաշխարհային հանրակցության դիրքորոշումը, եւ մենք այն պաշտպանում ենք»,- ասել է Աքսոյը լրագրողներին:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել: