
«Բոլորս էլ այս հասարակության մի մասն ենք կազմում, մենք նույն հայ ժողովուրդն ենք, տեսնում ենք դրականը և բացասականը»

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողներին շնորհավորեց մամուլի ազատության օրվա առթիվ։
«Մեր մամուլն իսկապես ազատ է, դրա համար ամեն ինչ արել է և՛ կառավարությունը, և՛ Ազգային ժողովը: Կարող եք ցանկացած հարցով դիմել և պատասխան ստանալ կամ չստանալ», – ասաց Մարտիրոսյանը։
Հարցին՝ նորություն էր արդյոք, որ այսքան դժգոհություն կա իշխանություններից, Վահան Մարտիրոսյանն ասաց.
«Բոլորս էլ այս հասարակության մի մասն ենք կազմում, մենք նույն հայ ժողովուրդն ենք, տեսնում ենք դրականը և բացասականը: Ես կցանկանայի միայն բացասականը չտեսնեինք, ահագին դրական գործ է արված և շարունակվում է արվել:
Ես կարող եմ իմ կողմից ասել, իմ տեղը ասել, ես շարունակում եմ մինչև իմ պաշտոնավարման վերջին օրն էլ անել այն աշխատանքը, որը տրված է ինձ, և ես շարունակելու եմ անել:
Ցանկացած փոփոխության ժամանակ, միևնույն է, կյանքը շարունակվում է, մենք ենք ապրում Հայաստանում և մենք պետք է կերտենք մեր ապագան»,- ասաց նա՝ նշելով, թե ժամանակը ցույց կտա փոփոխությունը դրական է, թե ոչ։
Արդյոք տեսնում է Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատելու հնարավորությունը՝ նա ասաց, որ ժամանակը ցույց կտա: «Իսկ իրեն հարցրե՞լ եք, ինքը տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Եկեք վաղաժամ եթե-ներով չխոսենք», – ասաց նախարարի պաշտոնակատարը:
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ վերջին շրջանում իրադարձությունները ցույց տվեցին, որ ձևավորվել է մի հասարակություն և մի մթնոլորտ, որ ամեն մարդ կարող է ազատ արտահայտել իր կարծիքն ու ոչ մի ճնշման չենթարկվել: Միաժամանակ, նա ասաց, որ չգիտի թե ինչ ծրագրեր ունի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: «Տրամադրությունն այնպիսին էր, ինչպես միշտ: Մաղթեց լավ օր», – ասաց նա: