Ալթունյանը ՀՀԿ-ից դուրս գալը համարում է դավաճանություն, իր հետագա պաշտոնավարումը՝ «սուրճի բաժակի շուրջ կանխատեսում»

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը դավաճանություն է համարում Հանրապետական կուսակցությունից այս ժամանակահատվածում դուրս գալը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ալթունյանն ասաց, որ անտրամաբանական կհամարեր իր՝ ՀՀԿ-ից դուրս գալը, առավել ևս, որ «այսօր Հանրապետականը ապրում է ոչ հեշտ ժամանակահատված»:

«Ես կարծում եմ, որ դա կլիներ դավաճանություն: Գիտեք՝ հաշվի առնելով, որ իմ հանրապետական լինելը պայմանավորված է իմ՝ կառավարությունում աշխատելով և այն բանով, որ ես հանրապետականին անդամակցեցի, որպեսզի կարողանամ օգտակար լինել և կուսակցությանը, և ժողովրդին: Ես չեմ կարող այսօր ինչ-որ ռազմավարական քայլեր, կամ կանխատեսումներ մեկնաբանել, առավելևս, դրանց ընդունման ժամանակ ես չեմ մասնակցել և չգիտեմ այդ հարցերի ողջ գունապնակը»,-  ասաց Ալթունյանը:

Հարցին՝ պարտադրվա՞ծ է անդամակցել ՀՀԿ-ին, նախարարի պաշտոնակատարն ասաց. «իհարկե՝ ո՛չ»:

Հարցին՝ այս օրերին մի պահ չի՞ մտածել ՀՀԿ-ից դուրս գալու մասին, նա ասաց. «Ես այնպես կփորձեմ անել, որ իմ կյանքի ցանկացած քայլ պայմանավորված լինի տրամաբանությամբ և տրամաբանական շարունակություն ունենա և վերջում պարզ լինի, որ իմ քայլերը ճիշտ էին»:

Ալթունյանը հաջորդ կառավարության կազմում իր ներգրավվելու հնարավորությունը համարում է «սուրճի բաժակի շուրջ կանխատեսում»: «Այսօր ես այդպիսի կանխատեսումներ չեմ կարող անել, ես գիտեմ, որ այսօր մենք նախարարությունում ունենք մշակված ծրագիր, որն իրականացնելը դժվար բան չէ: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով և ամեն ինչ նորմալ կլինի»:

Միաժամանակ, նա ասաց, որ մարդկանց դժգոհությունը վերջին մեկուկես կամ երկու տարով չէ պայմանավորված նույնիսկ վերջին տասը տարով: «Դժգոհությունը կամաց-կամաց կուտակվում էր և այս դժգոհությունն իր ելքը և ինչ-որ լուծում ստացավ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս