Քրեական գործ` դատապարտյալին խոշտանգելու դեպքի առթիվ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Բ.-ն հաղորդում, ապա` նույնաբովանդակ բացատրություն է տվել, որ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և խոշտանգել:
Մասնավորապես, Հ. Բ.-ն հայտնել է, որ 2018թ.-ի մարտի 28-ին «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները նկատել են, որ ինքը պարանի միջոցով հաղորդակցվում է հարևան խցի դատապարտյալի հետ: Հասկանալով, որ բացահայտվել է նման եղանակով հաղորդակցվելու փաստը` Հ. Բ.-ն պարանը պոկել է, որից հետո ՔԿՀ-ի աշխատակիցները, նպատակ ունենալով պատժել դատապարտյալին, հարձակվել և ձեռքերով ու ռետինե մահակներով ծեծել են վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այսպիսով, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պետական ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու առերույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: