«Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ». Արմեն Ռուստամյանը՝ Աղվան Վարդանյանի՝ մանդատը վայր դնելու մասին
«Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը և նա վայր է դրել իր մանդատը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն այն պարագայում, երբ խմբակցությունը հայտարարել էր, որ սատարելու է: Քիչ առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ գրել էր. «ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Հետևաբար՝ մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է»։
Ա. Ռուստամյանի խոսքով՝ Լ. Տեր-Պետրոսյանը կարող է իր տեսակետը հայտնել. «Ես էլ նույնն ասացի իմ ելույթի ժամանակ, որ պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց սա ՀՅԴ-ն է, մենք ունենք մեր ավանդույթը: Հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքն է հրաժարվում: Մենք քաղաքական դիրքորոշում ենք հայտնում: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ: Էս կուսակցությունից էնքան մեծեր են հեռացվել»:
Լրագրողի ճշտող հարցին՝ կուսակցությունից նո՞ւյնպես հեռացվելու է, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Չէ, դեռ նման որոշում չկա, բայց ես չեմ բացառում»: