
ԱՄՆ-ի պատվիրակությունը ժամանել է Պեկին՝ բանակցելու առևտրի շուրջ

ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի գլխավորությամբ, ժամանել է Պեկին՝ բանակցելու առեւտրի հարցերի շուրջ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Բանակցորդների կազմում են նաեւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսը եւ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը: Առաջիկա երկում օրում նրանք պետք է հանդիպեն Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Սի Ցզինպինի գլխավոր տնտեսական խորհրդականի հետ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ կապակցությամբ Twitter-ում գրել է.
«Հուսով եմ, որ արդեն շուտով մենք հանդիպում կունենանք նախագահ Սի Ցզինպինի հետ: Մենք միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունենալու»:
Ավելի վաղ ԱՄՆ-ը եւ Չինաստանը հայտնվել էին առեւտրական պատերազմի շեմին՝ խոստումներ փոխանակելով միմյանց արտահանումը հարկել մինչեւ 25 տոկոս մաքսատուրքերով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: