
«Շնորհակալություն ձեր ջանքերի, ձեր դերը կարևորելու և ընտրության հնարավորության համար…»

Ընդհանրապես այն պահից, երբ մամուլի ազատությունն սկսեցին սանդղակներով չափել, ոչ միայն մամուլի ազատության խնդիրն էր բարձրաձայնվում, այլև ուշադրություն էր հրավիրվում տվյալ երկրի իշխանությունների հանդուրժողականության, զարգացվածության, ազատ խոսքը հարգելու մակարդակին:
Մամուլի ազատության տեսանկյունից արդեն որերորդ անգամ Հայաստանը անբարենպաստ դիրքերում է. մի փոքր առաջ է Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից ու դեռ շարունակում է նույնքան էլ զիջել Վրաստանին:
Այս դաշտում նույնպես երկրի մրցունակությունը բարձրացնելու կամք և գործողություններ են պահանջվում:
Այսօր Մամուլի ազատության օրն է: Մեր լրատվամիջոցները կարողանում են հաճելիորեն զարմացնել իրենց խիզախ ու համարձակ պահվածքով, պաշտոնյաներին նեղը գցելու ձևավորված պրակտիկայով, միմյանց քննադատելու մասնագիտական ընդունելի զսպվածությամբ և երկրի համար ամենակարևոր պահերին տոկուն անքնության հաշվին իրազեկելու պատրաստակամությամբ:
Շնորհավորում եմ մամուլը կերտողներին, ամեն օր այն ավելի հետաքրքիր, գրավիչ դարձնողներին, ինչպես նաև տոտալ թմբիրից մասնագիտորեն խուսանավելու մեծ փորձ ունեցող մամուլի աշխատակիցներին: Դուք դեռ շարունակում եք ապացուցել, որ լրատվության յուրաքանչյուր միջոց, հատկապես տպագիր մամուլն անհրաժեշտություն է, մրցունակ է և կարևոր: Ձեր պրոֆեսիոնալիզմի արդյունքում է երևում, որ համացանցի ակտիվ օգտատերերը դեռ մամուլ չեն և տարբեր պատասխանատվության ոլորտներում եք:
Շնորհակալություն ձեր ջանքերի, ձեր դերը կարևորելու և ընտրության հնարավորության համար…
Հովհաննես Մանուկյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար