Փորձագետներն աշխարհում ռազմական ծախսերի աճ են արձանագրել
Աշխարհում ռազմական ծախսերը, 2017 թվականի տվյալներով՝ կազմել են 1,7 տրիլիոն դոլար, ինչը 1,1 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից: Այդ մասին հայտնել է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI)՝ ռազմական ոլորտում ծախսերի միտումների տարեկան տվյալների եւ ամենաբարձր ռազմական ծախսերով 15 երկրների ցուցակի հրապարակման առնչությամբ:
Գլոբալ ծախսերի վերաբերյալ նշված տվյալները փորձագետները համարում են ամենաբաձրներից մեկը «սառը պատերազմի» ավարտից հետո ընկած ժամանակահատվածում: SIPRI-ի տվյալներով, ամբողջությամբ վերցված, ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 2,2 տոկոսը, ինչը միջին հաշվով համարժեք է մեկ մարդու հաշվով 230 դոլարին: Համեմատության համար փորձագետները պարզաբանում են, որ այդ բաժինը բավականին բարձր էր 1992 թվականին՝ 3,3 տոկոս:
Այն 2014 թվականին նվազել էր մինչեւ 2,1 տոկոս: Ամենաբարձր տարեկան ռազմական ծախսերով երկիր է մնում ԱՄՆ-ն: Անցյալ տարի համաշխարհային ծախսերի բնագավառում նրա բաժինը կազմել է 35 տոկոս: Երկրորդ տեղում է Չինաստանը, որին ամենաբարձր ռազմական ծախսերով 15 երկրների ցուցակում, SIPRI-ի մոտավոր գնահատումներով՝ բաժին է ընկնում 13 տոկոսը: Երրորդից չորրորդ տեղ է իջել Ռուսաստանը (3,8 տոկոս)՝ դիրքը զիջելով Սաուդյան Արաբիային (4 տոկոս):
Հինգերորդ տեղը տրվել է Հնդկաստանին (3,7 տոկոս): Այս ամբողջ հնգյակին բաժին է ընկնում ընդհանուր գլոբալ ռազմական ծախսերի շուրջ 60 տոկոսը: SIPRI-ի գնահատումների համաձայն՝ ռազմական ոլորտում խոշոր ծախսերով 15 երկրներից չորսը գտնվում են Արեւմտյան Եվրոպայում՝ Ֆրանսիան (վեցերորդ տեղ), Մեծ Բրիտանիան (յոթերորդ), Գերմանիան (իններորդ) եւ Իտալիան (12-րդ): Համաշխարհային ծախսերի մեջ դրանց համատեղ բաժինը կազմում է 10 տոկոս: 2008 թվականին այն կազմում էր 15 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: