
ԱՄՆ-ի դատարանն Իրանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին

Ամերիկյան դատարանն Իրանին պարտավորեցրել է միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ վճարել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հարազատներին: Այդ մասին հայտնել է The Hill հրատարակությունը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:
Դատարանի վճռի համաձայն՝ Թեհրանը նյութական օգնություն է տրամադրել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Իրանը, Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը եւ Իրանի կենտրոնական բանկը մեղավոր են ճանաչվել 1008 մարդու մահվան մեղսակցության մեջ:
Այս առնչությամբ Իրանի իշխանությունները պետք է փոխհատուցում վճարեն զոհվածների հարազատներին: Փոխհատուցման չափը տարբերվում է կախված հարազատության աստիճանից. 12,5-ական միլիոն դոլար հանգուցյալների ամուսիններին, 8,5-ական միլիոն դոլար՝ ծնողներին ու երեխաներին, 4,25-ական միլիոն դոլար՝ եղբայրներին ու քույրերին:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատներն Իրանի իշխանությունների դեմ հայց են հարուցել 2004 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: