
ԵՄ-ի անվտանգության ու պաշտպանության ծախսերը կաճեն 40 տոկոսով. Եվրահանձնաժողով

Անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով Եվրամիության ծախսերը 2021-2027 թվականներին կաճեն 40 տոկոսով՝ մինչեւ 27,5 մլրդ եվրո, ինչը կկազմի այդ ժամանակաշրջանում ԵՄ-ի ընդհանուր բյուջեի մոտավորապես 2 տոկոսը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Եվրահանձնաժողովի՝ մայիսի 2-ին հրապարակված հայտարարության մեջ, որում առաջին անգամ ներկայացված է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո հաջորդ յոթնամյա բյուջետային ցիկլի համար ԵՄ-ի յոթնամյա հեռանկարային բյուջեի նախագիծը 1279 մլրդ եվրոյի չափով՛:
«ԵՄ-ի անվտանգության ու պաշտպանության ոլորտի ծախսերը կավելացվեն 40 տոկոսով՝ մինչեւ 27,5 մլրդ եվրո: Մասնավորապես, Եվրահանձնաժողովն առաջարկում է 13 մլրդ եվրո ծավալով ընդհանուր պաշտպանական ֆոնդ ստեղծել ռազմական հետազոտություններ անցկացման ծախսերը խթանելու եւ պաշտպանական նոր հնարավորություններ ստեղծելու համար»,- ասված է ԵՀ-ի փաստաթղթում:
Արտաքին քաղաքականության համար ծախսերը ենթադրվում է ավելացնել մեկ քառորդով՝ մինչեւ 120 մլրդ եվրո, որի մեծ մասը նախատեսված կլինի ԵՄ-ի «անմիջական հարեւանությամբ գտնվող» պետություններին աջակցելու համար, ներառյալ Արեւելյան Եվրոպայի երկրները եւ հետխորհրդային պետությունները: