ՊԵԿ պարզաբանումը՝ ԱԺ-ում հնչած գնահատականների վերաբերյալ

Երեկ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում տարբեր քաղաքական գնահատականներ են հնչել ՊԵԿ գործունեության վերաբերյալ, ինչի առնչությամբ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ կոմիտեն ապաքաղաքական կառույց է, որն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է իր գործառույթները, և, որի առաքելությունը ՊԵԿ-ի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտների ապահովումն է:

Ինչ վերաբերում է հարկային քաղաքականությանը` կցանկանայինք հիշեցնել, որ ՊԵԿ-ի կողմից չհարկվող շրջանառության և ստվերի դեմ իրականացվող պայքարի համակարգային աշխատանքի արդյունքում, հարկային վերլուծության և կոնկրետ փաստերի առկայության դեպքում` անհատական, թիրախային, հիմնականում խոշոր բիզնեսի նկատմամբ իրականացված հսկողական միջոցառումների շնորհիվ է նաև հաջողվել 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին 418.5 մլրդ դրամ հարկային եկամուտ ապահովել պետական բյուջե՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 363.5 մլրդ դրամի:

Հաշվի առնելով, որ հարկ վճարողներին է վերադարձվել 29.3 մլրդ դրամ՝ զուտ եկամուտները կազմում են 389.2 մլրդ դրամ, ինչը 25.6 մլրդ դրամով գերազանցում է 2017թ.-ի 4 ամիսների ցուցանիշը: Կոմիտեն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին 14.1 մլրդ դրամով գերակատարել է բյուջեով նախատեսված 375.1 մլրդ դրամ ծրագրային ցուցանիշը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս