Այս բոլոր հարցերի պատասխանը կարելի էր փակել՝ ասելով՝ «Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց». Արմեն Աշոտյան

«Անցած տարի սեպտեմբերի 27-ին, երբ ես վարում էի նիստը, դուք այս դահլիճում հայտարարել եք հետևյալ՝ «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է՝ գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեր վրա, և այլն»։ Հաջորդ ցիտատը նույն սեպտեմբերի 27-ին՝ «ԵԱՏՄ-ն Հայաստանին, բացի վնասից, ոչ մի օգուտ չի բերել», հաջորդ մեջբերումը ձեզանից՝ հոկտեմբերի 3-ին լիագումար նիստերի դահլիճում՝ ««Ելքը» իշխանություններին 10:02-ով հաղթեց՝ փաստարկների հետ կապված ԵԱՏՄ-ից դուրս գալու», հաջորդ մեջբերումը՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տարածքներ է կորցրել»։ Սա Ձեր գնահատականներն են»,- այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին դիմեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ հարցադրում անելով, թե ի՞նչ փոխվեց այս 6 ամսում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն հնչում նախկինի պես:

Ըստ նրա՝ շարժումն առաջնորդող քաղաքական թիմում շատ են արևմտյան հայացքներ ունեցողները, որոնք այլ, մասնավորապես՝ հակառուսական մեսիջներ են տարածում։

Արմեն Աշոտյանը հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի այն գնահատականը, թե  ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը «ջուր է, և պետք է պատրաստվի ասոցիացման և ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր»: Նա հարցրեց, թե արդյոք նա մտադրություն ունի՞ զրոյացնել ստորագրված համաձայնագիրը և ստորագրել նոր համաձայնագիր, որը կհակասի ԵԱՏՄ-ին:

Ն.Փաշինյանը պատասխանեց, որ հարցերի առաջին մասին պատասխանել է՝ այժմ ունենք նոր քաղաքական իրողություն, և յուրաքանչյուր քաղաքական ու պետական գործիչ պետք է հաշվի նստի դրա հետ.

«Մեր շարժումը եղել է, կա և կմնա հայամետ»։

ԵՄ հարաբերությունների վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ իրենց պատկերացմամբ՝ ՀՀ-ն պետք է զարգացնի հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, բայց դա չպետք է լինի մեկը մյուսի հաշվին, որովհետև որևէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ և ամբողջությամբ օգտագործված չէ.

«Դա, ըստ էության, մենք կփորձենք անել»։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի պատասխանին՝ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի ասածներից ևս մեկ մեջբերում ներկայացրեց, որում նշել էր, թե Ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր:

«Ես կարծում եմ, որ, երբ որ ՀՀ երրորդ նախագահ ընտրված վարչապետը հրաժարական էր տալիս և իր հայտնի հայտարարության մեջ ասաց` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», այս բոլոր հարցերի պատասխանը կարելի էր փակել, որ՝ այս դեպքում Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց, և չասել, որ իրավիճակ է փոխվել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան՝ հակադարձեց՝  «Սա դեռևս իմ հրաժարականի տեքստը չի»։

Շարունակելով՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ես ունեմ իմ կարծիքն այդ հայացքների կտրուկ շրջադարձերի մասին, այն քաղաքական համատեքստում եմ գնահատում, պարզապես փաստեմ՝ այս շրջադարձը մասնագիտացված առումով ինձ համար համոզիչ չէ»:

Ն.Փաշինյանը նշեց, որ հաճախ քաղաքական իրողություններն ավելի ծանրակշիռ են գտնվում պետության և իշխանության ղեկին գտնվող մարդկանց համար, քան դրանից առաջ արված հայտարարությունները, որոնք եղել են այս կամ այն կոնտեքստում։ Պետության կառավարումը, ըստ նրա, առաջին հերթին՝ իրողությունների հետ հաշվի նստելու և դրանք ավելի լավը դարձնելու հաշվին է։

Տեսանյութեր

Լրահոս