«Մայիսի 1-ն իր ցանկացած հանգուցալուծմամբ վճռորոշ կարող է դառնալ մեր երկրի ապագայի համար». Նարինե Թուխիկյան
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ու Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի, սպասվող փոփոխությունների, ինչպես նաև մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությունների մասին:
«Ես առավել քան համոզված եմ, որ մեր երկրում սպասվում են հրաշալի իրադարձություններ, որովհետև մենք ականատես եղանք անհավատալի փոփոխությունների,- մեկնարկելով իր խոսքը՝ նշում է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ու հավելում,- անշուշտ, դեռևս ունենք վաղվա օրը՝ մայիսի 1-ը, որ իր ցանկացած հանգուցալուծմամբ վճռորոշ կարող է դառնալ մեր երկրի ապագայի համար, համենայնդեպս, առաջին և երկրորդ փուլերը կարծես թե հաղթահարվել են: Հենց սրանից հետո է, որ սկսվելու է շատ լուրջ աշխատանքային փուլ, որին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է առավելագույս բերել իր նպաստը՝ փոխելու այն խայտառակ իրավիճակը, որում հայտնվել ենք մենք ու մեր երկիրը անցած տարիների ընթացքում»:
Խոսելով ստեղծված իրավիճակում առկա առաջնային հրամայականների մասին, Նարինե Թուխիկյանը նկատում է՝ նախևառաջ պետք է սպասել վաղվա իրադարձությունների զարգացման ընթացքին.
«Ես մեծ հույս ունեմ, որ ԱԺ-ն իրոք ճիշտ որոշում կկայացնի և ժողովրդի թեկնածուին կտա իր քվեն, իսկ դրանից հետո, նորից եմ կրկնում, սպասվում են շատ լուրջ աշխատանքներ: Հայաստանում, ըստ իս, չկա մի ոլորտ, որ ապականված չլինի և որն անհրաժեշտություն չունենա շտկելու, հիմնովին ապամոնտաժելու և նորը կառուցելու, սկսված արդարադատության, առողջապահության, կրթության, մշակույթ, տնտեսություն և մնացյալ այլ ոլորտներից: Սա ասում եմ ոչ թե՝ նախկինը հերքելու, այլ իրապես արձանագրելու, որ պղծված դաշտերը առողջացման կարիք ունեն»:
Նարինե Թուխիկյանը վստահ է՝ անցումային կառավարության անդամները շատ լավ գիտեն իրենց քայլերի ալգորիթմը.
«Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, ստացվի այնպես, որ նոր եկող ուժերը սկսեն կրկնել նախորդների արատավոր վարքը, ապա ես վստահ եմ, որ մեր հասարակությունն այլևս չի հանդուրժի այդպիսի իրականություն, և նույն ընդվզումը, որին ականատես եղանք, նոր թափով կսկսի՝ անկախ նրանից, թե ում են նրանք պաշտպանել այս ընթացքում: Քայլ անելու և մաքրություն չիրականացնելու որևէ շանս ոչ ժամանակավոր կառավարությունը, ոչ ընտրվելիք Ազգային ժողովը չունի»: