ՀՅԴ-ական պատգամավորների և Նիկոլ Փաշինյանի միջև հակասություն չկա

ԱԺ ՀՅԴ խմբակցությունն այս փուլում վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագայում սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և դաշնակցական պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Մենք շատ հստակ պատկերացնում ենք, որ վարչապետ դառնալուց հետո առաջանալու է նոր իրավիճակ Հայաստանում, և այդ նոր իրավիճակի մասին ենք խոսել։ Նախնական քննարկումներ մենք մինչև այդ էլ ունեցել ենք, բացի սա, ես արդեն 2 անգամ հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ, և մի քանի հարցերի հետ կապված խոսակություններ ունեցել ենք։ Ես շատ հստակ կարող եմ ասել, որ բովանդակային առումով մեր մոտեցումների մեջ տարբերություններ գոյություն չունեն»,- ասաց Ա.Ռուստամյանը։

Ըստ նրա՝ դա շատ հուսադրող է և ազդել է իրենց եզրակացության վրա։ Ա.Ռուստամյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ՀՀ-ի համար շատ սկզբունքային նշանակություն ունեցող արտաքին և ներքին քաղաքականության ուղղություններին, որոնց վերաբերյալ 6-7 հարցերի շուրջ իրենց տեսակետները համադրել են և լուրջ տարաձայնություններ չունեն։ Ա.Ռուստամյանի խոսքով՝ քայլերի հաջորդականությունը ստիպում է հանգրվան առ հանգրվան խոսել հետագա համագործակցության մասին, և խոսելը վաղաժամ է, քանի դեռ վաղվա կարևոր քայլը չի կատարվել։

Արտահերթ ընտրությունների հետ կապված՝ Ա.Ռուստամյանը նշեց, որ պետք է ամեն ինչ լուծվի Սահմանադրության համապատասխան. «Մենք չենք կարող Սահմանադրությունը ծալել, դնել մի կողմ և խոսել մեր ցանկություններից։ Արտահերթ ընտրությունները նույնպես պետք է սահմանադրորեն ընդունված նորմերով ու դրույթներով իրականացվեն։ Այսինքն՝ մենք չենք կարող հայտարարել, որ այսինչ օրն ընտրություն է տեղի ունենալու, երբ Սահմանադրությունը դա չի նախատեսում։ Ժամկետները պետք է լինեն ողջամիտ, կարողանանք միասին համախոհությամբ այդ հարցը լուծել»։

Ա.Ռուստամյանը կարևորեց, որ բոլոր ուժերը կարողանան ընտրություններին հավասար հնարավորություններով մասնակցել, որևէ մեկը կասկածի տակ չդնի դրանց արդյունքները, և դրա համար անհրաժեշտ են նախապատրաստական քայլեր։ Ամենաարագ ընտրությունների անցկացման ճանապարհը, ըստ Ա.Ռուստամյանի, վարչապետ չընտրվելն է, որը ոչ մեկի համար ընդունելի չէ և այդ դեպքում նպատակը չի արդարացնում միջոցները։ Նա դժվարացավ ժամկետ նշել։ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ԱԺ-ն արձակելու 3 ձև կա՝ վարչապետ չընտրվի, կառավարության ծրագիրը չհաստատվի, և կառավարությունը բերում է օրենքի նախագիծ և դրանով իր անվստահության հարցն է դնում։ Նա շեշտեց, որ որևէ այլ տարբերակ անընդունելի է։

Ա.Ռուստամյանի կարծիքով՝ մինչ արտահերթ ընտրությունները պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, որի համար ԱԺ 3/5-րդ ձայներ են հարկավոր, և դա ինքնին ժամանակ է ենթադրում, պետք է ռեյտինգային համակարգը վերացվի, պետք է բացառվի ընտրակաշառք բաժանելը, ընտրողների գրանցման հետ կապված համակարգը համահայկական գործի, այսինքն՝ տեխնիկական հարցեր են, որ ժամանակ են պահանջում. «Փաշինյանի հետ հակասություն չկա այս հարցում, մենք քննարկել ենք, որպեսզի հասկանանք, թե ողջամիտն ինչ է։ Ինքն էլ շատ տրամաբանորեն հասկանում է, որ այդ ամենը ողջամիտ ժամկետներ պետք է ենթադրեն»։

«Ես հուսով եմ, որ վաղը կունենանք վարչապետ։ Մեր մտահոգությունը, խոսել ենք այդ մասին պարոն Փաշինյանի հետ, Ղարաբաղյան ճակատին է վերաբերում։ Այս ամենն այսքան երկար ձգվել չի կարող։ Մեր որոշումն էլ դրանով է պայմանավորված, որովհետև որքան երկարում է չհանգուցալուծված այս վիճակը, այնքան մեր երկիրն է թուլանում, մեր թշնամու ախորժակն է մեծանում։ Եվ սա մենք պետք է բացառենք ամեն ձևով։ Այդտեղ Դաշնակցությունը լինելու է անզիջում»,- հավելեց Ա.Ռուստամյանը։

Տեսանյութեր

Լրահոս