«Ում որ իր նախընտրությունն է տվել հայ ժողովուրդը, նա էլ արժանի է վարչապետի պաշտոնում լինելու, իսկ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է». Զավեն Բոյաջյան

Կինոքննադատ և թարգմանիչ Զավեն Բոյաջյանն անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին՝ ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով:

«Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ի թիվս այլ բաների, ստեղծագործ մտքի էս ի՜նչ անսպառ պաշարներ է քողազերծել: Ֆեյսբուքն ուղղակի ժայթքող հրաբխի է վերածվել. էլ նրբին դիտարկումներ, էլ մտքի փայլատակումներ, էլ վերլուծականներ, էլ չեմ ասում՝ սարկազմի, հումորի ու սրամտության ինչ աներևակայելի հրավառություն… Ինչ-որ ահռելի պոտենցիալ է հեղեղի պես հոսում: Որտեղի՞ց էսքան բանիմաց, խելոք, սրամիտ, լեզվանի մարդ էս փոքր երկրում: Էս ի՞նչ ֆանտաստիկա է»,- գրում է Զավեն Բոյաջյանը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապագա վարչապետի սեփական նախընտրության թեմային՝ Զ. Բոյաջյանը նշում է.

«Ում որ իր նախընտրությունն է տվել հայ ժողովուրդը և ում հետևից որ գնում է, նա էլ արժանի է վարչապետի պաշտոնում լինելու: Սա շատ միանշանակ բան է, իսկ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Նիկոլին ես անձնապես չեմ ճանաչում, երկրում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանն էլ հնարավորինս հետևում եմ, և քանի որ ես էլ եմ ապրում այս երկրում, և ինձ խորթ չեն բոլոր այն հոգսերը, խնդիրներն ու դժգոհությունը, որ ունեն մեր երկրի քաղաքացիները, հետևաբար՝ ուրախ եմ և կիսում եմ այն ոգևորությունը, որ այս օրերին ապրում է մեր ժողովուրդը: Հիմա սա կոչենք «հեղափոխություն» թե մեկ այլ բան, անունները կարևոր չեն, ակնհայտ է, որ Հայաստանում փոփոխություններ սպասվում են:

Չնայած նրան, որ շատ զբաղված մարդ եմ և ավելի շատ երևակայական կյանքում եմ ապրում, քան իրական, ամեն դեպքում ուրախ եմ լինելու Հայաստանի բարօրության համար: Եթե նույնիսկ առաջիկա ընտրությունները բարեհաջող անցնեն, և Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի, հավանաբար դա ժամանակավոր կլինի, մենք շատ երկար ու ավելի բարդ ճանապարհ ունենք անցնելու, քան հենց բուն հեղափոխությունն էր: Ես էլ իմ երկրի, իմ լեզվի և իմ ժողովրդի ֆանատն եմ, հենց այդ պատճառով էլ ես շարունակում եմ մնալ այստեղ՝ Հայաստանում, մտադիր էլ չեմ որևէ այլ երկիր տեղափոխվելու: Բնականաբար, միայն ուրախ կլինեմ, որ մեր երկիրը ոտքի կանգնի, դառնա առաջադեմ, քաղաքակիրթ, ազատ և առաջին հերթին՝ սոցիալապես արդար պետություն»:

Անդրադառնալով վերջին օրերի տրամադրություններին՝ Զավեն Բոյաջյանը նկատում է՝ մենք վաղուց այսքան խանդավառ վերաբերմունք չենք ունեցել մեր շուրջ կատարվող իրադարձությունների նկատմամբ, և դա զգալիորեն տարբերվում է մեր՝ նախկինում ունեցած մտածելակերպից և կենսակերպից.

«Այսքան մեծ քանակությամբ մարդկանց, ովքեր մտահոգ ենք իրենց երկրի վաղվա օրվա և ապագայի խնդիրներով, անտեսել պարզապես հնարավոր չէ: Ինձ համար զարմանալի և անսպասելի չէր նաև այն, որ այս շարժման հիմքում կանգնեց մեր երկրի հենց երիտասարդ սերունդը: Ի տարբերություն շատերի, ովքեր համարում են, թե մենք նորմալ երիտասարդություն չունենք, երբեք չեմ կիսել այդ թյուր կարծիքը: Շատ ենք, չէ՞, լսել, թե իբր մեր երիտասարդներն անհետաքրքիր են, չեն կարդում և կյանքի նկատմամբ միայն սպառողական վերաբերմունք ունեն, և այլն:

Այս ամենը, ինչպես տեսանք, շատ հեռու էր իրական լինելուց: Երիտասարդությունը, իհարկե, շատ լայն հասկացություն է, և բոլորին միանշանակորեն մի տեսակի մեջ տեղավորելն ու սահմանափակ շրջանակների մեջ դնելն անհեթեթություն կլիներ: Հետո, իմ զբաղմունքների բերումով՝ ես մշտապես շփում եմ ունեցել երիտասարդների հետ և միշտ մեծագույն հաճույք եմ ստացել այդ շփումներից: Իմ բոլոր ընկերները շատ ավելի երիտասարդ են, քան ես, որովհետև կարծում եմ, որ այդպես ավելի հետաքրքիր է, և թող չնեղանա հանկարծ ավագ սերունդը:

Ուրիշ բան, որ օժտված երիտասարդներից շատերին փչացնում է մեր չկայացած և հնացած ուսումնական համակարգը: Ես բազմիցս ականատես եմ եղել երիտասարդ մարդկանց, ովքեր իրենց բնածին հատկանիշներով կարող էին առաջընթաց ունենալ, բայց մեր երկիրը բարենպաստ պայմաններ և հնարավորություններ չի ստեղծել այդ երիտասարդների համար, այնպես որ, ինձ համար բոլորովին անսպասելի չէր հրապարակում տեսնել երիտասարդ ցուցարարների: Միակ բանը, որ ինձ զարմացրեց, դա ճնշող մեծամասնություն կազմող նրանց քանակն էր: Գաղտնիք չէ, որ նույն երիտասարդների մեջ կա որոշակի քանակ կազմող իներտ շերտ, ովքեր քաղաքական պայքարով կամ սոցիալական արդարության հարցերով առանձնապես չեն զբաղվում, բայց այս առումով ես հաճելի անակնկալի եկա»:

Տեսանյութեր

Լրահոս