«ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններին». Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավորների և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հանդիպումից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ոչինչ չի պատահել։ Մենք կանք, մնալու ենք ու շարունակելու ենք գործել՝ ի փառս Հայաստանի Հանրապետության։ Քաղաքականության մեջ ով մտնում է, պետք է մի բան շատ լավ հասկանա, որ քաղաքականությունը ոչ միայն հաջողություններ են, ոչ միայն դափնիներ են, այլև շատ դեպքերում՝ նաև անհաջողություններ։ Բա մեր ընդդիմադիր ընկերների ջանքը քա՞ր էր, որ 20 տարի ընդդիմություն էին։ Որևէ բան չի պատահել, մենք գնացել ենք կառուցողական ճանապարհով, մեզ համար ամենակարևորը երկրի կայունությունն է,- ասաց Է.Շարմազանովը և հավելեց,- ՀՀԿ-ն կայացած, միասնական, ուժեղ, պետականամետ, ազգային պահպանողական քաղաքական կուսակցություն է, և բոլոր նրանք, ովքեր փորձում էին գուժել ՀՀԿ-ի վախճանը, չարաչար սխալվում էին։ ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի»։
Անձնական անելիքների մասին Է.Շարմազանովը նշեց, որ շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, հպարտորեն կրել ՀՀԿ կրծքանշանը. «Իմ հասցեն չի փոխվում, իմ հասցեն անփոփոխ է՝ ՀՀԿ, Մելիք-Ադամյան 2»։