Բաժիններ՝

ԵԱՀԿ առաքելությունը գնահատելու է Հայաստանի «Oրհուս» կենտրոններին աջակցության ուղղությամբ 2004-2017թթ. գործունեությունը

Հայաստան մայիսի 6-12-ը ժամանելու է ԵԱՀԿ Քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի ավագ աշխատակից Բիրգեր Հելդտը։ Այցի նպատակն է գնահատել Հայաստանի Հանրապետությունում գործող թվով 15 բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնների ցանցի աջակցությանն ուղղված ԵԱՀԿ ծրագրային գործունեությունը։ Գնահատումը կատարվում է ԵԱՀԿ ներքին վերահսկողության գրասենյակի 2018թ. վերահսկողության ծրագրի շրջանակներում, որում Հայաստանից բացի ներառված են նաև Սերբիայի Հանրապետությունը և Տաջիկստանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այցի շրջանակներում մայիսի 7-ին կկազմակերպվի հանդիպում նաև ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, որի ընթացքում կատարված աշխատանքներին առնչվող հարցերից բացի կքննարկվի նաև Oրհուս կենտրոններին ԵԱՀԿ-ի կողմից հետագա աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։

2001թ. վավերացնելով Օրհուսի կոնվենցիան՝ ՀՀ կառավարությունն ստանձնել է պարտավորություն՝ համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Կոնվենցիայի նորմերին, ինչպես նաև քայլեր կատարել կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ: Այդ նպատակով 2002 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն սկսել են գործել բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոններ: Շրջակա միջավայրի հարցերով իրազեկմանը, իրավագիտակցության բարձրացմանը և իրավակիրառմանն աջակցելու նպատակով 2002թ. ԵԱՀԿ գրասենյակը և ՀՀ ԲՆ-ն համատեղ ստեղծել են Երևանի Օրհուս կենտրոնը` նմանատիպ առաջին կառույցն աշխարհում: Այնուհետև, ի պատասխան մարզային պետական կառավարման մարմինների ցուցաբերած նախաձեռնության` ԵԱՀԿ-ի աջակցությամբ հաջորդաբար 14 կենտրոն է բացվել նաև ՀՀ մարզերում։ Հայաստանում Օրհուս կենտրոնների աջակցության ծրագիրն ամբողջ ԵԱՀԿ-ում ճանաչված է լավագույնը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս