«Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ. դա բխում է ՀՀ ազգային շահերից». Նիկոլ Փաշինյան
«Ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է, բայց մենք առավել ևս՝ մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ և արկածախնդիր ճանապարհով։ Ասել ենք և ասում ենք, որ մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու»,- Գյումրիի Վարդանանց հրապարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից։ Բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ և ԼՂՀ համար, քան ապահովում է մինչև հիմա։ Եվ մենք այս հարցերը չենք պատկերացնում որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ, սա համբերատար, խաղաղ, գործընկերային աշխատանքի հարց է»,-ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, ներառյալ՝ ԵՄ հետ կնքած պայմանագիրը, նաև՝ ԵՏՄ պայմանագիրը. «Սա չի նշանակում, որ մենք համարում ենք, թե երկու ուղղությամբ էլ Հայաստանի համագործակցությունն անթերի է։ Մենք պետք է ձգտենք այդ հարաբերությունները դարձնել անթերի, այսպիսի հզոր ժողովրդի աջակցությամբ մենք դա անպայմանորեն կանենք»։