«Ճգնաժամի լուծումը մեկն է». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, և հաղթանակը լինելու է մեր ժողովրդի մշտական ուղեկիցը։ Որևէ կասկած չկա, որ այս հզոր և ոգեղեն ժողովուրդը հաղթելու է Արցախյան հակամարտությունը, կոռուպցիային, աղքատությանը, տնտեսության բնագավառում է հզոր հաղթանակներ տանելու, դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը և սկսելու է մի մեծ երթ՝ աշխարհի բոլոր անկյուններից՝ դեպի այս երջանիկ հայրենիքը»,- Գյումրիի Վարդանանց հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հարցն այն մասին չէ, թե ով կզբաղեցնի վարչապետի աթոռը. «Այդպես մտածողները չեն հասկանում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները։ Այսօր ՀՀ քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, վստահ հայացքով նայում է ապագային։ Այսօր ՀՀ քաղաքացիության ինստիտուտը հաղթանակել է, և այդ հաղթանակն անշրջելի և երաշխավորված դարձնելու համար կա միայն մի ճանապարհ՝ ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելը։ Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որ չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը, ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից, բայց քաղաքական լրջությունն ու պատասխանատվությունն ինձ ստիպում է արձանագրել՝ չկա այլ տարբերակ, ժողովուրդը հաղթել է, և նրա դե ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե՝ մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում»։
Փաշինյանի խոսքով՝ ճգնաժամի լուծումը մեկն է՝ բացատրել Կարեն Կարապետյանին, որ նա չի կարող լինել ՀՀ վարչապետ. «Այն երկիրը, որտեղ որևէ հանրապետական կարող էր լինել վարչապետ կամ նախագահ, այլևս գոյություն չունի։ Սա ուրիշ Հայաստան է, և ես հույս ունեմ՝ կա ինչ-որ մեկը, որ Կարեն Կարապետյանին և մյուս ՀՀԿ-ականներին ցույց կտա, թե ինչ էր կատարվում ճանապարհներին, երբ Երևանից Գյումրի ճանապարհը հաղթահարեցինք 4 ժամում։ Կարեն Կարապետյանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրվելու փորձը կնշանակի, որ նա ինքն իրեն հռչակում է տեղատարափ անձրևի տակ ժամերով կանգնած այս հերոսական ժողովրդի թշնամին։ Կարեն, դու որոշիր՝ ուզո՞ւմ ես արդյոք ունենալ այսպիսի հզոր, հաղթանակած թշնամի։ Եթե ուզում ես, քեզ սպասում է նույն ճակատագիրը, ինչ Սերժ Սարգսյանին»։
Ռազմիկ Մարտիրոսյան