«Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին, որ կարողացավ ամբողջ ժողովրդին վախերից ազատել». Արսինե Խանջյան

Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկել է հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ Հայաստան ժամանած սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Նա ասաց, որ եկել է Հայաստան, որպեսզի մարմնի վրա զգա այն գործը, որ արվել է. «Մեզ երկար ժամանակ փորձել են համոզել, որ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի գործերին և կյանքի ընթացքին։

Մենք միշտ համոզված ենք եղել, որ պետք է մասնակցենք, բայց բավարար չափով չենք իմացել այն ճանապարհները, որ մեր մասնակցությունը կարողանանք ճիշտ ձևով բերել։ Մեկ ճանապարհը, որ ճիշտ է, այն է, որ ձեզ թիկունք լինենք, և ոչ թե՝ մենք այդ փոփոխությունը բերենք, որովհետև այսօր դուք եք, որ կարողացաք հաղթել, փոփոխություն բերել և անկախության իմաստը իսկապես դրոշմել մեր հայրենիքի մեջ։ Շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն իմ, այլ շատ սփյուռքահայերի անունից։ Շնորհակալության սրտագին խոսքեր են ասում Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Վահե Բերբերյանը, որ անցած տարի ինձ հետ ականատես եղան այն բոլոր խարդախություններին, որ այսքան տարի անկախությունից ի վեր վարել է երկիրը»։

Դերասանուհու խոսքով՝ հայ ժողովրդին հաջողվեց հաղթահարել իրենց տեսած խարդախությունները, որովհետև ազատվել են վախերից. «Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին, որ կարողացավ ամբողջ ժողովրդին վախերից ազատել, իսկապես մարդկային խոսքերով, հանդարտությամբ, առանց վայրագությունների՝ ամբողջ երկրի տարածքում կարողացավ միացնել ամբողջ հայությանը։ Սփյուռքը ձեզ շատ է սիրում, Սփյուռքն էլ իր մեջ վախ ունի, պետք է քաջալերեք Սփյուռքին, որ այլևս չվախենա։ Մենք կարող ենք անկախ երկիր ունենալ, առանց օտար ուժերի մասնակցության։ Մենք այսօր անկախ, ազատ Հայաստան ենք»։

Տեսանյութեր

Լրահոս