«Մայիսի 1-ին ՀՀ-ն կունենա վարչապետ». Վահրամ Բաղդասարյան
«Երբ նույն պահանջներով, նույն վերջնագրերով պահանջատերի դիրքերից ցանկանում են մի հանդիպում լրատվամիջոցների ներկայությամբ, դրա իմաստը չկա։ Այն ձևով, որ հանդիպել են մյուս քաղաքական ուժերի հետ, օրինակ՝ «Բարգավաճի» հետ առանձնազրույց, բանակցություններ, մենք իրեն առաջարկել ենք այդ ֆորմատով հանդիպել, բայց մարդը չի ցանկանում այլ օրակարգ քննարկել, պարզապես պարտադրում է իր կետերը։ Դա չի կարող արդյունավետ լինել, դա անարդյունավետ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունների տապալմանը։
Թե ինչպիսի՞ն կլինեն հետագա զարգացումները, Վ.Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պետք է բոլորն արձագանքեն հանրապետության նախագահի հորդորին և քաղաքական կոնսուլտացիաների միջոցով ընտրեն իրավիճակի լուծումները. «Հակառակ դեպքում կա սահմանադրական ճանապարհ, կգան Ազգային ժողով, և Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ։ Մայիսի 1-ին ՀՀ-ն կունենա վարչապետ»։
Հարցին՝ ՀՀԿ-ն սեփակա՞ն թեկնածու է առաջադրելու, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք կանդրադառնանք դրան, երբ կանենք խմբակցության նիստ»։
Ամեն դեպքում, ինչպես ընդգծեց Վ.Բաղդասարյանը, խմբակցությունը միասնական է. «ՀՀԿ-ն միասնական է բոլոր որոշումների մեջ, դուք սա կարող եք հանգիստ գրել՝ որպես պաշտոնական տեղեկատվություն»։