
«Վաղուց արդեն ժամանակն է ազատվելու Վարդանանքի ու Սարդարապատի սինդրոմից՝ ամեն վայրկյան պլանավորելով մեր երկրի հաղթանակները». Ռուբեն Անգալադյան

Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով և, թեև մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է, բայց, քանի որ Սահմանադրությամբ հստակ ժամկետներ են սահմանված, ապա հենց այդ օրն Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի՝ ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկելու համար:
Երկրի ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև ապագայի տեսլականի մասին 168.am-ը լսել է ԱՄՆ-ում գտնվող մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանի նկատառումները.
«Մենք եղել ենք, կանք ու կլինենք, պետք է մտածել կարևոր հարցի մասին՝ ինչպե՞ս,- մեզ հետ զրույցում ասում է Ռուբեն Անգալադյանն ու հավելում, -ինչպե՞ս ենք մենք ապրում մեր երկրում, այս հարցն ուղղված է անխտիր բոլորին: Մտածենք այն բանի մասին, որ հանկարծ օտարի ձեռքին խաղալիք չդառնանք»:
Վերջին շաբաթների ընթացքում երկրի ներսում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների ֆոնին պարոն Անգալադյանը կարևոր է համարում մեկ անգամ ևս անդրադառնալ ազգային առանձնահատկությունների խնդրին.
«Մենք երեխայի պես ոգևորվող և, միևնույն ժամանակ, նույն պահին հիասթափություն ապրող ազգ ենք: Ես կիսում եմ պատմաբան Նիկողայոս Ադոնցի միտքը՝ հայ ազգն ու հայ հայրենիքը հավասարազոր գաղափարներ չեն:
Մեր հայրենիքը նկատելիորեն հետ է մնացել համաշխարհային զարգացումների ընթացքից, բայց հայ ազգը՝ ոչ: Ուզում եմ հարցնել՝ հետագա զարգացումների պարագայում ներքին ի՞նչ ռեսուրսներից է պատրաստվում օգտվել Նիկոլ Փաշինյանը, ի շահ այն գաղափարների, որոնց մասին մտածում և բարձրաձայնում են առաջադեմ մտավորականությունն ու ազգի մնացյալ կարևոր շերտերը:
Հատկապես Կառավարությունում, արդարադատության համակարգում և ոստիկանությունում պետք է մուտք գործեն այնպիսի կադրեր, ովքեր ի զորու կլինեն ֆիզիկապես փոխելու բոլոր տիպի չինովնիկական աշխարհընկալումներն ու միտքը, որ դոմինանտ տեղ և դեր էր զբաղեցնում մինչ այժմ:
Հանրապետության կյանքը պետք է վերակազմավորվի բացառապես նոր, հստակ, արդար գաղափարներով ու մոտեցումներով: Սփյուռքից հայրենիք պետք է հրավիրվեն ամենատարբեր ոլորտների լուրջ մասնագետները, ովքեր կդնեն հիմքերն այդ նոր պետության: Միանգամից ասեմ, որ այս ամենն իրականացնելը հեշտ աշխատանք չի լինելու, որը պահանջելու է հստակ գիտակցություն և անկոտրում, բայց ինտելեկտուալ կամք և անպայման իմաստնություն: Հակառակ պարագայում Ազգային ժողովում նստած այն 77 պատգամավորները կրկին հաղթելու են, իսկ Կառավարությունը կկազմվի ոչ անխելք, բայց ռեգրեսիվ չինովնիկներից:
Կարծում եմ՝ անհրաժեշտ կլինի ստեղծել Հայաստանից դուրս գործող (լավագույն դեպքում՝ Շվեյցարիայում) խոշոր ֆինանսական համակարգ, իր բանկային և ապահովագրական ցանցով, որը Հայաստանում նոր ֆինանսատնտեսական վիճակ կստեղծի, և որի աշխատանքը կլինի թափանցիկ, արդյունավետ և հստակ:
Միայն այսօրինակ ներդաշնակ համակարգն է ի զորու շտկելու ստեղծված իրականությունը, որում արդեն ավելի քան 20 տարի հայտնվել է Հայաստանը, և որի մասին մենք, որպես կանոն, միշտ գլխի ենք ընկնում վերջին պահին: Վաղուց արդեն ժամանակն է ազատվելու Վարդանանքի ու Սարդարապատի սինդրոմից՝ ամեն վայրկյան և ամեն օր պլանավորելով մեր երկրի հաղթանակները:
Ինչ վերաբերում է այս օրերին իմ դիրքորոշմանը, ապա մեկ անգամ չէ, որ հայտնել եմ՝ մշտապես եղել եմ ու կմնամ ժողովրդի կողքին: Միաժամանակ հստակ համոզմունք ունեմ՝ հատկապես հիմա անհրաժեշտ է երկրի զարգացման համար կարևոր օղակներում ներգրավել հանգիստ, զուսպ և խելացի մասնագետների մի ողջ բանակ:
Չմոռանամ ավելացնել նաև, որ ցեղասպանություն տեսած ազգն իրավունք չունի այլ պետություն կառուցելու, քան սոցիալական երկիրն է, չէ՞ որ մարդուն սպանում էին միայն և միայն այն պատճառաբանությամբ, որ նա քո ցեղակիցն է: Այս միտքը ես բազմիցս հիշատակել եմ իմ ամենատարբեր աշխատություններում, բայց այն ավելի կարևոր է հենց այսօր, քան երբևիցե»: