«Կոչ եմ անում սթափ մոտենալ իրավիճակին, հայի արյուն չպետք է թափվի». Նիկոլայ Ծատուրյան
Վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպման արդյունքում չի հաջողվել կանխել լարվածության խորացումը: Երկրի ներքաղաքական կյանքում ժամ առ ժամ սրվում է լարվածության մթնոլորտը: Ձերբակալվել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
Կան բերման ենթարկված բազմաթիվ անձինք, տուժածներ, ովքեր բուժօգնություն են ստանում հանրապետության տարբեր բուժհաստատություններում: Իսկ քիչ հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի բազմամարդ հավաքը:
Ստեղծված իրավիճակի շուրջ 168.am-ը զրուցեց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի հետ: «Եթե մի բանը չի ստացվում, պետք չէ շարունակել, փոխարենը՝ այն մարդը, ով նստած է երկրի կառավարման ղեկին՝ պետք է կարողանար անել այնպես, որ գոնե ինչ-որ ձևով ապահովեր իր երկրի քաղաքացու անվտանգությունն ու հայրենիքի խաղաղ կյանքը: Ժողովուրդը դուրս է եկել արդար պայքարի, հետևաբար՝ պնդում եմ և կոչ եմ անում սթափ մոտենալ իրավիճակին, հայի արյուն չպետք է թափվի»: