«Եթե այս շարժումը բռնի ուժի կիրառմամբ ճնշվի և տապալվի, պայքարի ելած երիտասարդության հիմնական հատվածը լքելու է երկիրը». Սահակ Պողոսյան
Վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպmամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ` հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:
Երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների շուրջ 168.am-ը հեռախոսազրույց է ունեցել քանդակագործ, նկարիչ Սահակ Պողոսյանի հետ:
Առավոտյան իշխանության և ընդդիմության մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ Սահակ Պողոսյանը գնահատականներ չունի.
«Բանակցություն տեղի չի ունեցել: Երկու կողմերը հանդիպեցին արդեն նախապես ունեցած համոզմունքներով և իրար փոխանցելով այդ համոզմունքները՝ ուղղակի հեռացան բանակցային սեղանից: Այսինքն, ակնհայտ էր այն, ինչ մենք բոլորս էլ շատ լավ գիտեինք սրանից մեկ շաբաթ առաջ՝ որ երկու կողմերն ունեն համոզմունքներ, և, որ նրանցից որևէ մեկը կոմպրոմիս չի տեսնում: Հետևաբար, այն, ինչին մենք ականատես եղանք, բանակցություններ չէին, այլ փորձ՝ մեկմեկու վզին փաթաթելու սեփական պարտադրանքները»:
Անդրադառնալով այդ բանակցությունների հնարավոր և առկա հետևանքներին՝ մեր զրուցակիցն ընդգծում է.
«Բռնությամբ ոչինչ չի որոշվելու, փոխարենը՝ շատ ավելի վատ հետևանքներ են լինելու, քան այս պահին կա: Բռնությունը նոր բռնություններ է ծնում: Հիմա ես ավելի շատ մտահոգ եմ այլ հարցով՝ քանի որ այս շարժման հիմքում կանգնած է երկրի ճակատագրով մտահոգ՝ հիմնականում երիտասարդությունը, ապա նրանց նկատմամբ բռնությունը բարոյահոգեբանական տեսանկյունից շատ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել:
Ձևավորման տարիքում գտնվող և հատկապես ուսանողական տարիքի երիտասարդությունը հավաքում է մի բարոյական և գիտակցական կոնտինգենտ, որ իր հետագա ողջ կյանքի ընթացքում առաջնորդելու և ուղեկցելու է իրեն: Այսօր, ոչնչացնելով այդ երազանքները, հավատը երկրի ապագայի նկատմամբ և նրանց մնացյալ վառ զգացմունքները, շատ ավելի վատ հետևանքների են հանգեցնելու ապագայում, քան իշխանափոխությունն է, որի վտանգների մասին մտահոգված է հենց առաջին հերթին՝ իշխանությունը:
Այսպես թե այնպես, եթե իշխանությունը մտահոգ է այդ երիտասարդների ապագայով, ապա պետք է գիտենա, որ այս կերպ իրենք իրենց ձեռքով փչացնում և ոչնչացնում են այդ ապագան: Իմ խորին համոզմամբ, եթե այս շարժումը բռնի ուժի կիրառմամբ ճնշվի և տապալվի, անպայման պայքարի ելած երիտասարդության հիմնական հատվածը լքելու է երկիրը»: