Բաժիններ՝

«Քանի ուշ չէ՝ կանգնեցրեք բախումը. եթե արյունահեղություն լինի, այս արյունն անխտիր բոլորիս վրա է ծանրանալու». Ռուբեն Բաբայան

Այսօր առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկած վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բանակցությունների ընթացքի և դրա հնարավոր հետևանքների մասին 168.am-ը հեռախոսազրույց է ունեցել Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ.

«Խոսքը գնում էր ոչ թե բանակցությունների, այլ իրականում վերջնագրի մասին: Դրանք տարբեր բաներ են: Բանակցությունը ենթադրում է խնդրի շուրջ քննարկման ենթակա որոշակի տարբերակներ, նեղ և սահմանափակ շրջապատ: Իրականում արդեն հասկանում եմ, որ որևէ մեկին պետք չէ այն, ինչ այս պահին ես կասեմ, որովհետև ինչպես տեսնում ենք՝ իշխանությունը կենտրոնացել է նրա վրա, որ առկա միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի մեջ է, և ուրիշ որևէ այլ բան չի ուզում տեսնել, իրեն թվում է՝ եթե չլինի Նիկոլը, ուրեմն չի լինի նաև խնդիր:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանն էլ, ցավոք, կենտրոնացած է անձի վրա: Կարծում եմ՝ նման պարագայում երկկողմանի բանակցությունները դառնում են անիմաստ, որովհետև ամեն ինչ անիմաստ է, երբ խնդիրները քննարկվում են անձնային մակարդակներում, այնինչ բանակցությունները միշտ պետք է գնան համակարգային հարցերի քննարկմամբ:

Անկեղծ ասած, դեռևս երեկ ես հենց դա էլ կանխատեսում էի, ինչ տեսանք արդեն այսօր առավոտյան, որովհետև վերջնագրերը ենթադրում են կա՛մ ընդունում, կա՛մ շատ կոշտ պատասխան:

Վերջնագիրը բանակցության ենթակա կատեգորիա չէ: Ես հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակում ոչ մեկին իմ կարծիքը չի հետաքրքրում, որովհետև ինչպես տեսանք՝ երկու կողմերին էլ թվում էր, թե հենց իր դիրքորոշումը վերջին և անբեկանելի ճշմարտություն է, այնինչ երբեք ուշ չէ վերադառնալ բանակցություններին, բայց իրական բանակացություններին»:

Ռուբեն Բաբայանն ընդգծում է՝ մի բան պետք է հստակ գիտակցել՝ կարելի է խնդիրը փակել, կոծկել, բայց դրանից խնդիրը չի լուծվում, ավելին, այն շարունակում է առավել կոշտ լուծումներ պահանջել, ինչին մենք հենց այս պահին ազգովի ականատես ենք, իսկ ստեղծված իրավիճակում երկրի առջև ծառացած խնդրի լուծումը համակարգային է.

«Ինձ հաճախ հարցնում են՝ ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ՝ համակարգային լուծում: Պատասխանում եմ՝ շատ բաներ նկատի ունեմ, և առաջին հերթին՝ նկատի ունեմ մարդուն: Մարդն անփոխարինելի է, իսկ պաշտոնյան՝ ոչ»:

Առավոտյան տեղի ունեցած երկկողմ բանակցությունների արդյունքում երկրում ձևավորված լարված իրավիճակի հետևանքներին Ռուբեն Բաբայանն արձագանքում է՝ մենք իրավունք չունենք արյուն թափելու.

«Մենք իրավունք չունենք դասեր չքաղելու, և մի բան էլ՝ չի լինում ողբերգություն, որտեղ մեղավոր է միայն մի կողմը: Ես վստահ եմ, որ այս հանրապետությունում կարգին և սթափ մտածող մարդիկ կան, և չեմ կարծում, թե սթափությունը միայն մեկ կողմի արտահայտած դիրքորոշումը պաշտպանելու կամ մերժելու մեջ չէ, հակառակը՝ դա ավելի է բորբոքում կոնֆլիկտը: Քանի ուշ չէ՝ կանգնեցրեք բախումը, որովհետև, եթե արյունահեղություն լինի, այս արյունն անխտիր բոլորիս վրա է ծանրանալու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս