«Մեր ժողովուրդը՝ ի դեմս նոր, հրաշք սերնդի՝ դուրս է գալիս ստրկության բարդույթից». Արծվի Բախչինյան

Այսօր Հանրապետության հրապարակում 168.am-ը հանդիպել և զրուցել է կինոգետ, հայագետ, «Իմ քայլը» նախաձեռնության ակտիվ մասնակից Արծվի Բախչինյանի հետ: Մեզ հետ զրույցում Արծվին նշում է՝ իր համար երկար սպասված պահ է եկել.

«Մեր ժողովուրդը՝ ի դեմս նոր, հրաշք սերնդի՝ դուրս է գալիս ստրկության բարդույթից: Հավատացեք, շատ ավելի լավ է այս անորոշ վիճակը, անգամ այս պահին դեռ անհայտ ելքով, չնայած այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը վստահ է, որ ելքը միայն դրական է լինելու, քան այն ճահճացած ու անտարբեր վիճակը, երբ բոլորը յոլա գնալով և մի տեսակ արդեն հարմարված ասում էին՝ մենք արժանի ենք մեր իշխանությանը: Այսօր հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ ինքն արժանի չէ այն կառավարությանը, որը, ի սկզբանե լինելով խորթ, բռնազավթել է իշխանությունը և Հայաստանն ուղղակի նետել է անդունդը»:

Դիտարկմանը, որ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ըստ էության չի համաձայնում նստել երկխոսության սեղանի շուրջ, Արծվի Բախչինյանը պատասխանում է՝ շատ ճիշտ է անում:

Անդրադառնալով նրան, որ ժամեր առաջ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, մեր զրուցակիցն արձագանքում է.

«Պարզ է, որ իշխանություններն ամեն գնով ուզում են բանակցային սեղանի շուրջ նստել, բայց պարզ է նաև այն, որ դա նրանց կողմից հերթական թոզփչոցին է: Նման մարդկանցից միայն և միայն պետք է հետ գրավել զավթված իշխանությունը, և ուրիշ ոչինչ»:

Ստեղծված իրավիճակի ելքն Արծվի Բախչինյանը տեսնում է միայն անկոտրում պայքարի միջոցով.

«Տարիներ առաջ Մաշտոցի պուրակում ուղիղ 90 օր պայքարեցինք, մինչև հասանք նրան, որ նրանք իրենց կոտրած ոտքով եկան և ինչ-որ մի հիմար պատճառաբանությամբ լիզեցին իրենց թքածը: Հիմա պետք է կրկնել նույնը՝ կանգնել մինչև վերջ, մինչև հանցագործ իշխանությունը հաշվի կնստի մեր պահանջի հետ և կհեռանա»:

Տեսանյութեր

Լրահոս