«Ի սեր Աստծո, անարյուն հեռացեք». Սասուն Միքայելյանի խնդրանքը

«Այս օրհասական պահին նորից հայ ժողովուրդը դուրս է եկել հրապարակ, որպեսզի ապացուցի՝ այս 30 տարիներին ձևավորված ամեն ինչի հիմնադիրն ինքն է, գերագույն հրամանատարը նույնպես ինքն է, և ինքն է որոշելու՝ ում ձայն պետք է տա, որպեսզի առաջնորդի իրեն»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ իրենց համախմբվածությամբ հնարավորություն են տալիս, որ մարդիկ չարտագաղթեն, այլ ներգաղթեն. «Սա մի նոր գարուն է Հայաստան աշխարհի և Արցախ աշխարհի վրա, որի բույնը ժողովրդավարությունն է։ Թող սրանք չմտածեն, որ հայոց արգանդը չորացել է, հայոց արգանդը երբեք չի չորացել և չի չորանա, և այն մայրերը, որոնց որդիները զոհված են թե կենդանի, այս հողի վրա են, այստեղ են ապրելու։ Մենք գոյատևել ենք, և այսօրը սրբացել է մեր նահատակներով։ Այսօրվա համախմբվածությունը և վաղվա ազատագրումն Արցախյան ազատամարտին զոհված նահատակների և նրանց մայրերի հոգու կանչն է»։

Նա նշեց, որ երբևէ որևէ մեկից բան չի խնդրել. «Բայց հիմա ուզում եմ իմ և ձեր անունից խնդրել սրանց՝  ի սեր Աստծո, անարյուն հեռացեք։ Ես չեմ հասկանում՝ ինչպիսի պաշտոն պետք է լինի դա, որ բռնանա մի ամբողջ ազգի ազատության և կամարտահայտության վրա, ո՞նց կարող է մարդը նման բան անել։ Մենք խոստանում ենք, որ ոչ մեկից վրեժխնդիր չենք լինելու, մենք չենք ուզում նմանվել ձեզ, ի սեր Աստծո, խաղաղությամբ հեռացեք»։

Տեսանյութեր

Լրահոս