Իշխանությունը պատրաստ է լսել հասարակության տարբեր հատվածներից եկած ազդակները նաև բողոքի տեսքով. Շարմազանով

Հայաստանի խորհրդարանի կողմից երկրի վարչապետի ընտրությունը զուտ արձանագրային միջոցառում էր, որն արձանագրեց ուժերի այն հարաբերակցությունը, որը ձևավորվել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ խորհրդարանում վարչապետի ընտրությունը եղել է օրինական. քաղաքական մեծամասնությունն ունի պատասխանատվության բարձր զգացում և կամք, որպեսզի շարունակի սկսած բարեփոխումները: «Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք լսել մեր հասարակության յուրաքանչյուր հատվածից եկող ազդակներ, եթե կուզեք` նաև բողոքի տեսքով»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

«Ես չեմ ցանկանում հիմա կրակի վրա յուղ լցնել և ասել, որ ցույցեր անող մեր գործընկերոջ օրակարգը կեղծ է, քաղաքական չէ` չնայած, որ շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ «Ելք» խմբակցության նրա գործընկերները մնացին խորհրդարանում, որ ճիշտը խորհրդարանում երկխոսությունն է: Սակայն քանի դեռ յուրաքանչյուր ոչ զգույշ խոսք կարող է սխալ մեկնաբանության առիթ տալ, ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից, որը կարող է իմ որևէ ընդդիմադիր գործընկերոջ հնարավորություն տալ այդ խոսքերն այլ կերպ մեկնաբանել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Ազգային ժողովը ձայների 77 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ է ընտրել Սերժ Սարգսյանին: Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նրան վարչապետ նշանակելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս