
Հայաստանը 4 մլն բնակչության հասցնելու ծրագիրն՝ ըստ Սերժ Սարգսյանի. «Շանթ»

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև մինչև 2040 թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին հարցին:
«Ձեր ընդդիմախոսները, ամփոփելով անցած 10 տարին, անպայման մի թիվ հնչեցնում են՝ 300 հազար արտագաղթած: Այդ թիվը ճի՞շտ է, սխա՞լ է, և ինչպե՞ս եք այն մեկնաբանում»,- հարց է ուղղել Արամ Աբրահամյանը:
«Իհարկե, մի քիչ չափազանցված է, բայց մեր արյունահոսող վերքն է արտագաղթը: Մեզ համար շատ վտանգավոր է, շատ ցավալի: Ես արդարացման համար չեմ ասում, բայց պետք է հաշվի առնենք, որ արտագաղթը բնորոշ է ո´չ միայն Հայաստանին, բնորոշ է բոլոր նախկին խորհրդային երկրներին, բնորոշ է Արևելյան, նույնիսկ Արևմտյան Եվրոպային: Միգրացիոն պրոցեսները միշտ տեղի են ունենում: Այո´, որոշակի հանգամանքներից ելնելով՝ մեզ մոտ հավելյալ խնդիրներ կան, բայց այդ խնդիրների մասին, կարծում եմ, ճիշտ կլինի հետո խոսենք: Այո´, դա պրոբլեմ է, բայց պրոբլեմը մենք փորձում ենք լուծել: Այո´, ես հայտարարել եմ և վստահ եմ, որ դա հասանելի թիվ է՝ 2040թ. 4 մլն բնակչություն ունենալը: Մենք մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կսկսենք հանրային քննարկումները մինչև 2030 թ. Հայաստանի զարգացման ռազմավարության շուրջ, և այդտեղ եղած թվերը, ցուցանիշները բոլորին գոնե կհամոզեն, որ մենք գնում ենք դեպի այդ հիմնական ցուցանիշը»: