
«Լճացում չկա՞ երկրի ղեկավարին չփոխելու մեջ». Սերժ Սարգսյանի կարծիքը. «Շանթ»

Նախագահի պաշտոնում երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո նույն մարդու կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը, նոր անձով չփոխարինելը որևէ լճացում չի առաջացնում։ Այս հարցին վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։
«Դուք Եվրոպայում կարո՞ղ եք նշել երկրներ, որտեղ որևէ սահմանափակում կա խորհրդարանական կառավարման պարագայում։ Արդյո՞ք համարում եք, որ Գերմանիայում լճացում կա։ Գերմանիայի կանցլերը արդեն 4-րդ անգամ է, եթե չեմ սխալվում, ընտրվում կանցլեր։ Լճացում կա՞ արդյոք»,– նշել է վարչապետը։
Արամ Աբրահամյանի հստակեցնող դիտարկմանը, թե Անգելա Մերկելը նախկինում նախագահ չի եղել և Սահմանադրություն չի փոխել, Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Բայց Սահմանադրությունը նախագահը չի փոխել։ Սահմանադրությունը փոխվել է հանրաքվեի միջոցով։ Եթե Սահմանադրությունը փոխեր նախագահը, և ինքը իրեն կարգեր վարչապետ՝ դա բոլորովին այլ խնդիր է»։
Սարգսյանի խոսքերով՝ իշխանական թիմը ձևավորվել է ընտրություններով, իսկ մինչ այդ էլ եղել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Եվ եթե դժգոհություն կար՝ պետք է արտահայտվեր այն ժամանակ։ Մինչդեռ 2017 թվականը միակ խաղաղ ժամանակահատվածն է եղել՝ ընտրություններից ու հանրաքվեներից հետո չունենալով բողոքի արտահայտման որևէ դեպք։