
«Ես վաղուց եմ տեսել թավշյա հեղափոխության հեռանկարը՝ դեռ մեկ շաբաթ առաջ». Սերգեյ Դանիելյան

Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդների և համակիրների ձեռնարկած խաղաղ անհնազանդության ցույցը: Հանրապետության հրապարակ է այցելել և այս պահին Նիկոլ Փաշինյանի կողքին է դերասան Սերգեյ Դանիելյանը, ով լրագրողի հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք թավշյա հեղափոխության հեռանկար, պատասխանում է.
«Ես վաղուց եմ տեսել թավշյա հեղափոխության հեռանկարը՝ դեռ մեկ շաբաթ առաջ, բայց Նոստրադամուսը չեմ և չգիտեմ, թե ինչ կլինի: Ես Մահաթմա Գանդիի հետևորդներից եմ եղել միշտ և վստահ եմ, որ խաղաղ ցույցերը, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, շատ ավելի ուժեղ է, քան ցանկացած ագրեսիա:
Իհարկե, ոստիկանների մեջ էլ ներվային մարդիկ կան, ինչպես և մեր մեջ են, բայց պետք է դրան չտրվել: Եթե բոլորս հույզերի մեջ լինենք, դա կբերի ուղղակի արյան, իսկ դրան շատ հեշտ է հասնել. այս ճանապարհը, որ ընտրել են ցույցի մասնակիցները՝ ավելի մեծ խոհեմություն է պահանջում: Հանրային ճշմամբ հնարավոր է կառուցել նորմալ հասարակություն և պետություն»: