Բաժիններ՝

«Երևանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ չկան»․ Արսեն Հարությունյան

«2018թ․ մենք ծրագիր ունենք, որով 2 նոր մաքրման կայան է կառուցվելու՝ մեկը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում, մյուսը՝ Սևան քաղաքում։ Միանգամից ամբողջը չենք կարող, Սևանն ու Արմավիրը բավականին մեծ ծրագիր է։ Երևանի կեղտաջրերի մաքրման նոր կայանի շինարարությունն ավարտվել է 2017թ.։ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք, որ դա հանձնվի «Վեոլիա ջրի» պատասխանատվությանը»,- այսօր լրագրողների հետ կազմակերպված սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։

Երևանի մաքրման կայանը կառուցելու համար, նրա խոսքով՝ 11 մլն եվրո գումար էր ծախսվել։ «Ներկայիս մաքրման կայանը պարզապես մեխանիկական մաքրում է իրականացնում՝ ցանցերի միջոցով, նոր կայանը մեզ հնարավորություն է տալիս իջեցնել գետեր լցվող ջրերի աղտոտվածության մակարդակը։ 2019-2020թթ. Երևանի աէրացիայի երկրորդ փուլը կիրականացնենք, մետատանկերներ կկառուցվեն»,- ասաց նա։

Նա նշեց, որ կան դեպքեր, երբ «Վեոլիա ջրի» ջրագծերը քաղաքացիները կոտրում են, որ հավելյալ ջրառ ապահովեն․ «Ունենք դեպքեր, երբ բաժանորդն այլընտրանքային ջուր է ապահովում կամ անվճար ջրի հարց է լուծում»։

Ինչ վերաբերում է խմելու ջրին, նա նշեց, որ 2017թ․Երևան քաղաքում 3 տարածքում ջրամատակարարման վերականգնում է իրականացվել․ «Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերում ջրամատակարարումն այս տարի ամբողջությամբ կվերականգնվի»։

Խմելու ջրի որակի մասին էլ ասաց, որ յուրաքանչյուր ամիս Առողջապահության նախարարությունից ստանում են տեղեկատվություն՝ ջրի որակի հետ կապված, ըստ որոնց՝ ջրի որակի հետ կապված Երևանում խնդիրներ չկան․ «Արմավիրում որակի խնդիր ունենք, որովհետև խորքային պոմպերով է, ստորերկրյա ջրերն են օգտագործվում։ Հիմա բանակցում ենք, որ Նազրվան համայնքից ջրագիծ կառուցենք և Արմավիր մարզի խմելու ջրի հարցը լուծենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս