Բաժիններ՝

«Շահութաբերություն չկա այն գյուղատնտեսների մոտ, ովքեր չգիտեն՝ ինչպես աշխատել»․ Իգնատի Առաքելյան

«Այսօր երեքից տասը միլիոն վարկ են տալիս գյուղացուն, և այդ վարկը ցանկացողները երեք անգամ ավելին են, քան մենք կարողանում ենք տրամադրել»,- այսօր լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

«Ցանկացած ծրագրում մեքենա առնողը, եթե փող չունի, չի առնում, բիզնես անողը, եթե փող չունի, չի անում, գյուղատնտեսությունը բացառություն չէ, այն ագրոբիզնես է: Մենք պետք է զարգացնենք գյուղատնտեսությունը, պարենային տնտեսությունը, ավելացնենք արտահանումը։ Սոցիալապես անապահով բնակչության հարցը այլ հարթակի հարց է»,- նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է այս տարվա ծրագրերին, Առաքելյանն ասաց, որ իրականացնելու են արհեստական սերմնավորման ծրագիր, լիզինգի ծրագրի ընդլայնում, ուշադրության կենտրոնում են պահելու գյուղատնտեսական ռեգիստրին, ապահովագրությանը, Գյուղատնտեսության մասին օրենքին՝ հարակից օրենքներով, հողային օրենսգրքի համապատասխան փոփոխությունը:

«Գյուղատնտեսության նախարարությունը դրել է շրջանառության մեջ հողերի պարտադիր օգտագործման հայեցակարգը, որը ենթադրում է վարձակալություն հանձնելու պարտադիր օգտագործումը և ոչ թե սեփականության իրավունից զրկելը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս նախատեսված ծրագրերի բացակայությո՞ւնն էր մինչ այս խանգարում, որ գյուղատնտեսությունը զարգանա, քանի որ գյուղերը գնալով դատարկում են, շահութաբերություն չկա։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ շահութաբերություն կա․ «Շահութաբերություն չկա այն գյուղատնտեսների մոտ, ովքեր չգիտեն՝ ինչպես աշխատել։ Նաև գիտելիքի պակասն է խանգարում գյուղացիներին»։

Նախարարը անդրադարձավ նաև անասնապահության ոլորտին, մասնավորապես, նախկինում հնչեցրած իր այն գնահատականին, որ մսի գնի թանկացումը կբերի ոլորտի աշխուժացման, և նշեց, որ բոլոր գյուղացիները, ովքեր զբաղվում էին անասնապահությամբ ոգևորված էին․ «Եղավ ինչ-որ եղավ, և գյուղացին կարողացավ բարձր գնով վաճառել այն կենդանին, որ արդյունավետություն չէր տալիս։ Խոտանման ենթակա կենդանին մորթվեց, քանի որ մինչ այդ ձեռք էր տալիս պահելը։ Հիմա վերականգնում է գլխաքանակը, երկու-երեք տարվա ընթացքում գլխաքանակը կմեծանա»։

Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ ներկրվում է թռչնամսի մինչև 65 տոկոսը, խոզի մսի 55 տոկոսը, իսկ անցած տարի ներկրվել է հացահատիկի 45 տոկոսը:

Հարցին՝ եթե շարունակի պաշտոնավորել, ապա իր ո՞ր հաջողությունների համար, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Եկեք՝ թողեք այդ հարցը իմ ղեկավարներին, որ իրենք որոշեն՝ ես վատ եմ աշատել, թե լավ եմ աշխատել գյուղացիների, երկրի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս