Բաժիններ՝

Զեկույցը բացահայտել է Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի ներգրավվածության նոր մանրամասներ

Օսմանյան կայսրությունում թուրքական զինված ուժերը Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ օգտագործել են գերազանցապես գերմանական հրացաններ և այլ զենքեր: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս մասին նշվում է Global Net – Stop the Arms Trade (GN-STAT) («Համաշխարհային ցանց- Դադարեցրեք զենքի վաճառքը») կազմակերպության հրապարակած նոր զեկույցում:

Նոր բացահայտման արդյունքում պարզվել է, որ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի տարիներին Գերմանիայի հիմնական փոքր զենքեր արտադրող ընկերությունը՝ Mauser-ը, Օսմանյան կայսրությանն է մատակարարել միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ, որոնք օգտագործվել են ցեղասպանության ժամանակ՝ գերմանացի սպաների ակտիվ մասնակցությամբ:

«Գերմանացի սպաները, ովքեր ծառայում էին թուրք-օսմանյան զինված ուժերում, ակտիվորեն օգնել են իրականացնել անհատական սպանություններ: Ագրեսորների մեծ մասը զինված էր Mauser-ի հրացաններով կամ կարաբիններով (խմբ.- թեթև հրացանի տարատեսակ է), սպաները Mauser-ի ատրճանակներով էին»,- ասվում է GN-STAT-ի զեկույցում:

Շատ գերմանացի սպաներ իրենց ընտանիքներին ուղղված նամակներում գրել են այն կոտորածների մասին, որի ականատեսն են եղել:

Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ թուրքական բանակը զինված է եղել գերմանական Հեսսենում հիմնադրված Krupp ընկերության արտադրած թնդանոթներով: Դրանք ևս օգտագործվել են Թուրքիայում, մասնավորապես Մուսա լեռան վրա հայերի դիմադրությունը կոտրելու փորձերի ժամանակ:

Թեպետ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ճանաչել էր, որ Հայոց ցեղասպանության իրականացման հարցում Գերմանիան նույնքան պատասխանատվություն է կրում, իսկ նույն տարում հրապարակվել էր լրագրող Յուրգեն Գոթշլիհի գիրքը, որտեղ մանրամասնորեն ներկայացված էր, որ Առաջին աշխարհամարտին Թուրքիայի ամենագլխավոր եվրոպացի դաշնակիցը ռազմական խորհրդատվություն է իրականացրել, ինչպես նաև մարզել է օսմանյան բանակը, սակայն GN-STAT-ի զեկույցն առաջինն է, որը ներկայացնում է Mauser և Krupp ընկերությունների կողմից ներկայացված նյութական աջակցության ողջ ծավալը:

« Mauser-ն իսկապես հրացանների մենաշնորհ է ունեցել Օսմանյան կայսրությունում»,- նշում է զեկույցի հեղինակ Վոլֆգանգ Լանդգրայբերը՝ռեժիսոր, ով մի շարք ֆիլմեր է պատրաստել գերմանական զենքի արտահանման վերաբերյալ: Թեպետ Mauser-ն այժմ չի գործում որպես ընկերություն, սակայն Krupp-ի իրավահաջորդը՝ գերմանական պողպատի հսկան՝ ThyssenKrupp-ը, երբեք հրապարակայնորեն չի ընդունել իր ունեցած դերակատարությունը ցեղասպանության ժամանակ:

«Նախկինում ոչ ոք չի հարցրել, թե իրականում ով է զենք մատակարարել՝ ոչ միայն ցեղասպանության, այլև Առաջին աշխարհամարտի ժամանակ: Եվ թե ինչ աստիճանի է եղել գերմանացի սպաների ներգրավվածությունը սպանություններին, երբ նրանք վերցրել են հրացաններն ու կրակել. Այս ամենի մասին նախկինում հայտնի չի եղել»,- նշել է Լանդգրայբերը:

Զեկույցում տեղ գտած գերմանական վկայությունների մեծ մասը գալիս է մայոր Էբերհարդ Վոլֆսկեհլի նամակներից: Նա 1915 թվականի հոկտեմբերին գտնվում էր Թուրքիայի հարավ-արևելյան, հայաշատ Ուրֆա քաղաքում: Այստեղ շատ հայեր սեփական տներում փորձում էին փրկվել թուրք հետևակներից: Վոլֆսկեհլը Ֆահրի փաշայի՝ 4-րդ օսմանյան բանակի հրամանատարի տեղակալի շտաբի պետն էր: 4-րդ օսմանյան բանակն այդ ժամանակ կանչվել էր Ուրֆա՝ որպես հավելյալ ուժ:

«Նրանք (հայերը) եկեղեցու հարավային հատվածում գտնվող տներում էին: Երբ մեր հրետանին հարվածեց տներին և շատերին ներսում սպանեց, մյուսները փորձեցին թաքնվել եկեղեցում: Բայց…նրանք պետք է եկեղեցի գնային եկեղեցու բաց բակով, որը մեր հետևակներն արդեն առել էին նշանառության տակ: Նրանք հասան եկեղեցու բակին և սպանեցին մարդկանց, ովքեր վազում էին: Ընդհանուր առմամբ, հետևակը, որը ես օգտագործում էի հիմնական հարձակման համար…իրեն շատ լավ դրսևորեց և առաջ շարժվեց»,- ասվում է Վոլֆսկեհլի՝ կնոջն ուղղված նամակում:

Զեկույցում նշվում է նաև մեկ այլ դերակատարի՝ գերմանացի գեներալ-մայոր Կոլմար Ֆրայհեր ֆոն դեր Գոլցի անունը, ով 1883թ-ին դարձել էր օսմանյան դատարանի գլխավոր ռազմական խորհրդականներից մեկը և հայտնի էր համարում էր իրեն գերմանական ռազմական արտադրության լոբբիստ, աջակցում էր Mauser և Krupp ընկերություններին: ,Ոչ հրապարակայնորեն, սակայն ընկերների ու բարեկամների շրջանակում ֆոն դեր Գոլցն իրենց դրսևորում էր որպես հայաֆոբ: Որոշ ականատեսներ լսել են, թե ինչպես է նա հայերին անվանում «գեր առևտրական մարդիկ: Նա օգնել է համոզելու սուլթանին փորձել մեկընդմիշտ ավարտին հարցնել հայկական հարցը»,- հայտնել է Լանդգրայբերը: Նա Գոլցին համարում է նաև ավելի ուշ հիմնված նացիստական գաղափարախոսության աղբյուր:

Լանդգրայբերն ընդգծել է, որ նոր ուսումնասիրությունը Օսմանյան կայսրությանը չի ազատում մեղավորությունից, այլ միայն լցնում է այն պատմական բացերը, որոնք կան: «Դա տեղի է ունեցել, մենք դա ուսումնասիրել ենք: Ոչինչ չպետք է թաքցվի, պատկերը պետք է ավելի ամբողջական լինի»,- ասել է նա:

Հրապարակված զեկույցն առաջինն է, որը կազմվել է GN-STAT-ի կողմից: Այն նոր, բազմալեզու համաշխարհային ցանց է, որի կազմում են մտնում ավելի քան 100 կազմակերպություններ: Այն ունի հարուստ տվյալների բազա ակտիվիստների, լրագրողների և զենքերով հետաքրքրված փորձագետների համար: Այն ներկայում նոր ուսումնասիրություն է կատարում Մեքսիկայում զենքի անօրինական վաճառքի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի օգնությամբ 2017 թվականին ԱՄՆ կողմից իրականացված 110 մլրդ ԱՄՆ դոլար զենքի վաճառքի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս