ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ԱԺ-ում է
ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ապրիլի 9-ի նիստում կքննարկի «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա՝ ապրիլի 10-ին սկսվող հերթական նիստերի օրակարգ։
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Ըստ օրինագծի վերաբերյալ ԱԳՆ-ի ներկայացրած հիմնավորման՝ շրջանակային նոր համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։ Այն ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանն ու խորությանը։
Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։
Համաձայնագիրը կանոնակարգում է ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական բնագավառում երկխոսությունը, ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։ Կարևորում և խրախուսում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը։
Համաձայնագիրը որակապես ավելի ընդգրկուն ոլորտային համագործակցություն է առաջարկում, նախատեսելով մի շարք ուղղություններով համապատասխան մոտարկում ԵՄ չափորոշիչներին։