Բաժիններ՝

Հայաստանում արտադրվում են Տիգրան Մեծի, Փառանձեմ թագուհու, Հայկ Նահապետի, Պարույր Սկայորդու, Անահիտ աստվածուհու պատկերներով 15 անուն հուշանվերներ

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ Հայոց արքաների, թագուհիների և այլ պատմական թեմաներով հուշանվերների նոր մեկնարկած արտադրության և արտահանման ծրագրի մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում բանախոսներ, «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, «Բիզնես Արմենիա»-ի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանն ու «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանը խոսեցին Հայաստանում նոր արտադրություն սկսած և արդեն իրականություն դարձած ծրագրի մասին:

Տիգրան Մեծի, Փառանձեմ թագուհու, Հայկ Նահապետի, Պարույր Սկայորդու, Անահիտ աստվածուհու պատկերներով արտադրության մեջ են մտել թվով 15 անուն հուշանվերներ, այդ թվում՝ բաժակ, ափսե, կրծքանշան, մագնիս, էջանշան, բացիկ, նոթատետր, շոկոլադ, շապիկ, նորածինների համար նախատեսված ներքնազգեստներ, հայկական թեյերի տեսականիներ, և այլն:

«Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն ասուլիսի մեկնարկին մանրամասնում է. «Յուրաքանչյուր հուշանվեր ուղեկցվում է եռալեզու տեղեկատվությամբ: Դրանք, մասնավորապես, զբոսաշրջիկների հետ մեկ ընդհանուր ձայնով են «խոսելու» Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության մասին, բարձրացնելու են հուշանվերային ինդուստրիայի արդյունավետության մակարդակը և Հայաստանը ճանաչել են տալու նաև ®«Թագ»-ով»:

«Բիզնես Արմենիա»-ի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանն էլ անդրադառնալով թեմային՝ նկատում է. «Սա ծրագիր է, որը փոքր հուշանվերների արտադրությունը նոր մակարդակի կբարձրացնի՝ դառնալով արտահանման ևս մեկ ճյուղ՝ մեր ավանդականներից բացի»:

Ապրանքատեսակի դիզայներ Գայանե Դանիելյանը հատուկ այս նախագծի համար մշակել և անհատույց օգտագործման է տրամադրել ®«Թագ» ապրանքանիշը: ®«Թագ»-ը խթանող նյութերի համար հատուկ երաժշտություն է գրել Սերժ Սիմոնյանը (DJ Serjo):

«47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանը տեղեկացնում է՝ հուշանվերային արտադրությունը լավագույնս իրականացնելու համար ընտրվել է երեք գործող արտադրամաս, որոնցում ընդհանուր առմամբ ստեղծվել է թվով 22 նոր արտադրամաս, որի արդյունքում ստացել են ճանաչողական, կրթական նշանակություն ունեցող հուշանվերային նմուշներ: Անդրադառնալով գնային քաղաքականության թեմային՝ բանախոսը նաև նկատում է՝ մշակվել է գնային ճկուն համակարգ՝ հասանելի յուրաքանչյուրի գրպանին. «Մեր նպատակն է, որ Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր հետ այստեղից տանի մեր երկրի մշակույթի մասին հիշեցնող որևէ իր: Այդ իսկ պատճառով ընտրել ենք այնպիսի ապրանքատեսակներ, որոնց գինը չի գերազանցի 5000 դրամը, իսկ հավաքածուի ամենամատչելի հուշանվերը կարժենա 200 դրամ»:

«Բիզնես Արմենիա»-ն՝ ՀՀ Մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու հետ համագործակցությամբ, թվով 50 վաճառակետեր է հատկացրել զբոսաշրջային վայրերում՝ պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ: Հուշանվերները կարտահանվեն նաև ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա:

Տեղեկացնենք, որ ծրագրի գաղափարը ՀՀ վարչապետ, «Բիզնես Արմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանինն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս