Բաժիններ՝

«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է. Արա Բաբլոյանն անձամբ ծանոթացավ երեխաների վիճակին

Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է: Այս մասին նշեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով այցելեց Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, ուր տեղափոխվել են 8 տուժածները: ԱԺ նախագահը հիվանդանոցում ծանոթացավ նրանց վիճակին և որպես մանկական վիրաբույժ իր պարտքն համարեց ներկա լինել երեխաներից մեկի վիրահատությանը: «Երեխաների վիճակը միջին ծանրության է: Նրանք բոլորը տարբեր վնասվածքներ ունեն՝ թեթևից ծանր: Միայն մեկ երեխայի վիճակն է ծանր. բավական մեծ վնասվածք է՝ ազդրի վերին երրորդականում: Մկանները բոլորը վնասվել են: Վնասվածքը մինչև ոսկր է հասել, բարեբախտաբար՝ ոսկրը չի վնասել: Վնասվածքները բեկորային են»,- ասաց Բաբլոյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենԱրա Մինասյանն էլ տեղեկացրեց, որ տուժածներն ունեցել են բազմաթիվ վնասվածքներ, այնպիսիք, որոնց համար պարտադիր պետք էր կար դնել: Իսկ ծանր վիճակում գտնվող երեխայի՝8-ամյա Ռուբինա Մարկոսյանի մոտ նաև արյունահոսություն է գրանցվել:

Հիվանդանոցում հավաքվել են տուժածների հարազատները:

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս