
«Հետը մի քիչ կաշխատենք, նորմալ երեխա կլինի, փաստորեն, բավականին «боевой» աղջիկ է». Ասյա Խաչատրյանը Վովա Վարդանովի մոտ դասերի է գնալու

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն անդրադարձավ Ասյա Խաչատրյանի կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող պատմությանը:
Հիշեցնենք նաև, որ Ա. Խաչատրյանը հայտարարել էր, թե առանց որևէ պատճառաբանման՝ Արցախում ոստիկանները նրան տարել են Ոստիկանություն, ծեծի են ենթարկել և հայհոյել: Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությանը՝ այդ հարցով քննություն իրականացնել:
Վ. Վարդանովի խոսքով՝ այստեղ մի «չար» բան է տեղի ունեցել, «աղջիկն էնքան չի հասկանում», որ տարանջատում է մտցնում Հայաստանի և Արցախի միջև:
Նա կարծում է՝ այստեղ բոլորի բացթողումը կա. «Քռի ափով սկսվում է Հայաստանը, վերջանում է Սեբաստիա-Մալաթիայի կողմերը: Այս աղջիկը մեր թերացումների պատճառով ինքն էլ է տարանջատել, ու հիմա ֆիշկա է դարձել որոշ ուժերի համար, որոնք ուզում են Արցախից անջատվեն, դառնան Արարատյան Հանրապետություն: Այդ աղջիկը մի քանի օրից գալու է մեր հավաքներին մասնակցելու, ինձ թվում է՝ հետը մի քիչ կաշխատենք, նորմալ երեխա կլինի, փաստորեն, բավականին «боевой» աղջիկ է, ուղղակի սխալ ուղղության վրա էր գնում, հիմա այդ ուղղությունը կփորձենք ուղղել: Մանավանդ, ինքը կամավոր է գալիս մեզ մոտ պարապելու»:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նշեց, որ ակնհայտ է, որ այդ աղջիկն ինչ-որ պրովոկացիա է արել. «Իհարկե, լուրջ վերաբերվել պետք չէ, բայց ոստիկանը պետք է իրեն կոռեկտ պահի: Սա ավելի շատ անեկդոտ է, քան՝ անհանգստանալու մի բան»: