«Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա չի իրականացնի». Ռուբեն Սաֆրաստյան

«Սիրիայի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը հոգնել են արդեն այդ՝ տարիներ շարունակ տեղի ունեցող հակամարտությունից, որը միլիոնավոր փախստականների պատճառ դարձավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետի խոսքով՝  Սիրիան հիմա գտնվում է տնտեսական առումով շատ ծանր վիճակում. «Բանակցությունների փուլն ընթանում է, բայց շատ դանդաղ: Հույս պետք է ունենալ, որ վերջին հանդիպումներն ու մոտակա հանդիպումները, որ պետք է տեղի ունենան, նոր թափ կհաղորդեն բանակցային գործընթացին, և դա հնարավոր կլինի տեղափոխել պրակտիկ հարթություն: Պետք է հույս ունենալ, որ մոտակա ամիսներին այդ հանձնաժողովը ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործընթացի շրջանակներում հնարավոր կլինի ստեղծել, և դա խաղաղ բանակցության խթան կհանդիսանա, փառք Աստծո՝ Սիրիայի գործընթացում հնարավոր է խուսափել ՌԴ և ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչների անմիջական բախումից»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի գործողություններին, ապա, ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան շարունակում է իր ագրեսիան Սիրիայի դեմ ՝ ընդլայնելով իր գործողությունների շրջանակները, ստանալով աջակցություն ԱՄՆ-ից և ՌԴ-ից. «Թուրքիան սկսում է իր պահանջները, վերջնագրերը ներկայացնել նաև այլ տարածքների նկատմամբ։ Թուրքիան արդեն վերջնագիր է ներկայացնում Իրաքի ներկայացուցիչներին՝ պահանջում, որ Հյուսիսային Իրաքից դուրս բերվեն իրաքյան Քրդստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչները։

Թուրքիան հարևանների հետ խոսում է վերջնագրի լեզվով, օկուպացրել է Սիրիայի տարածքի մի մասը, Թուրքիան հանդես է գալիս ամենաբարձր մակարդակով իր սպառնալիքներով, վերջնագրերով, պատահական չէ, որ Էրդողանն անընդհատ կրկնում է՝ իրենք պետք է շարունակեն իրենց նպատակին հասնելը և ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու:

Ըստ էության՝ Թուրքիան ստանում է աջակցություն լուրջ ուժերի կողմից: Ոչ մի որոշում Թուրքիայի դեմ, որ կնշվեր, որ Թուրքիան օկուպացրել է հարևանի տարածքը, բացի Սիրիայից, Իրանից, մի քանի օր առաջ կմկմալով հայտարարություններից, Անգելա Մերկելը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի հանձնակատարը, այլ որոշում չենք լսել: Ոչ մի բանաձև, հստակ հայտարարություն որևէ պետության կողմից չկա»:

Այս ամենը, ըստ թուրքագետի՝ նշանակում է, որ Թուրքիայի այս ագրեսիվ քաղաքականությունը չի հանդիպում պատնեշների. «Որոշ ժամանակ առաջ Թիլերսոնը, որ այդ դեպարտամենտի քարտուղարն էր, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը որոշակի պարտավորություններ ունի Սիրիայի առջև, այն պետք է իրականացնի, հիմա տեսնում ենք այս հայտարարությունը: Իրարամերժ հայտարարություններ են, նա չունի որոշակի քաղաքական գիծ՝ որոշակի հիմնավորումներով Սիրիայի նկատմամբ, ԱՄՆ-ում վերջնական որոշում չունեն, փնտրտուքների մեջ են՝ մնում են Սիրիայում, դուրս են գալիս, որքան են օժանդակում Թուրքիային, կամ հակառակը՝ որքան են համագործակցում ՌԴ-ի հետ: Այս խնդիրներն ԱՄՆ-ը դեռ իր համար չի լուծել, երբ լուծի, կտեսնենք որոշակի քաղաքական գիծ Սիրիայում»։

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան Հայաստանի դեմ չի իրականացնի ռազմական ագրեսիա. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ի դեմս ՌԴ-ի՝ ունի ռազմավարական դաշնակից, ունի ռազմաբազա, Թուրքիան եթե նման բան անի, դա կնշանակի, որ ըստ էության ՆԱՏՕ-ն է հարձակվում Հայաստանի վրա, այժմ դա հնարավոր չէ տեսանելի ապագայում:

Ադրբեջանի հարձակմանը մենք և մեր զինուժը պետք է միշտ պատրաստ լինենք: Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ գործողությունները՝ երկրի ներսում որոշակի խնդիրներ լուծելու համար: Ես չեմ կարծում, որ Թուրքիան կցանկանա Մերձավոր Արևելքից դուրս իր համար ինչ-որ վտանգավոր իրավիճակ ստեղծել»:

Ինչ վերաբերում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Արցախի մասով Ադրբեջանում արած հայտարարությանը, թե խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ, քաղաքական ճանապարհով, թուրքագետն այն ընկալում է՝ որպես Իրանի քաղաքականության հերթական հաստատում, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով. «Իրանը, լինելով խաղաղասեր պետություն, բալանսավորող դեր կատարելով Մերձավոր Արևելքում, ձգտում է, որ հարևան տարածքում էլ լինի խաղաղություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031