
Վիգեն Սարգսյանը մատնանշեց Հունաստանի հետ ռազմական ոլորտում փոխգործակցության հարուստ ավանդույթները

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծում է, որ 2016թ. դեկտեմբերին Աթենքում Հունաստանի պաշտպանական գերատեսչության հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն արդյունավետ իրականացվում են: ՀՀ պաշտպանության նախարարը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: «Մենք ամեն տարի ընդլայնում ենք մեր ռազմական փոխգործակցության ծրագիրը, և բոլոր միջոցառումները, լիարժեք կատարվելով, հնարավորություն են տալիս ամրապնդել փայլուն ավանդույթները, որ գոյություն ունեն մեր երկրների միջև փոխգործակցության առումով»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Նա հավելեց, որ Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ փաստել են երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումները: «Ես ցանկանում եմ նշել, որ մենք Հունաստանի հետ փոխգործակցության հարուստ ավանդույթներ ունենք: Մեր զինված ուժերի մոտ 170 սպա իրենց ուսումը ստացել են Հունաստանի լավագույն ռազմակրթական հաստատություններում և այսօր զբաղեցնում են ամենատարբեր բարձր պաշտոններ հայկական զինված ուժերում՝ իրենց ծառայությունը բերելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր սահմանների պաշտպանությանը և բնական կամուրջ հանդիսանալով երկու ժողովուրդների և երկու երկրների զինված ուժերի միջև»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: