Բաժիններ՝

ԱԺ է ներկայացվելու նոր նախագիծ. մինչ այդ մեքենաների վարձույթով զբաղվող կազմակերպությունները կշարունակել պատասխանատվություն կրել

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին որոշման նախագիծը:

«Մենք տալիս ենք մեր եզրակացությունը  պատգամավորների ներկայացրած  օրենսդրական մի նախաձեռնության, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարձույթով զբաղվող  իրավաբանական անձանց պատասխանատվությանն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի վարձակալը կատարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը ֆիքսվում է տեսանկարահանող  սարքերով»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝  այլ անձանց դեպքում նախատեսվում է պատասխանատվություն մեքենաների սեփականատերերի համար միմիայն այն դեպքում, եթե նրանք չեն ապացուցել, որ ղեկին  գտնվել է այլ անձ:

«Այս կազմակերպությունների համար կարգավորումն այլ է, և եթե մեկամսյա ժամկետում չի հաջողվում  գանձել վարորդից, ապա  պատասխանատվություն կրում են նաև կազմակերպությունները»,- նշեց Դ. Հարությունյանը՝ հավելելով, որ պատգամավորներն առաջարկել են փոխել այս  դրույթը ու տարածել ստանդարտ կանոնը, ինչը, նախարարության կարծիքով, ողջամիտ  առաջարկություն է։

Բայց, միևնույն ժամանակ, նախարարն առաջարկում է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից՝  հաշվի առնելով այն  հանգամանքը, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում ԱԺ է ներկայացվելու  իրավախախտումների նոր օրենսգիրք, որը կարգավորելու է այս հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս