Երևանի տոնն այս տարի կնշվի ոչ թե մեկ, այլ երկու օր
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ սովորաբար, համապատասխան որոշման համաձայն` Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, սակայն 2018 թվականի նոյեմբերին կայանալու է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը, որի նախապատրաստման և անցկացման համար մշակվում է միջոցառումների մանրամասն ծրագիր: Կայանալիք գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման համար մշակվող միջոցառումներին ներգրավված է նաև Երևանի քաղաքապետարանը, որը միաժամանակ հանդիսանալու է միջոցառումների համակատարող:
Երևանի քաղաքապետը նկատեց՝ հաշվի առնելով, որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, Սփյուռքից՝ առաջարկվում է Երևանի օրվան նվիրված միջոցառումներն իրականացնել ոչ թե մեկ օր, այլ երկու:
«Հաշվի առնելով նաև և կարևորելով 2018 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը, առաջարկվում է Երևանի օրը նշել ոչ թե 2018թ. հոկտեմբերի 13-ին, այլ 2018թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին»,- ասաց նա։
Նախագծի որոշման մեջ ասվում է, որ նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով առաջարկվում է Մշակույթի նախարարին՝ Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում, Արտակարգ իրավիճակների նախարարին և Ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։