
Ո՞վ է շահարկում Հովիկ Աբրահամյանի որդուն մարզպետ դարձնելու հարցը. «նման թեմա չկա»․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ես չգիտեմ, թե ով ինչի համար է պայքարում, բայց այս պահին մարզպետ կա, մարդն աշխատում է: Ինքն իրա տեղում է, բայց իրա տեղի վերաբերյալ չգիտեմ ինչու՝ քննարկումներ կան, եւ ով է դա շահարկում, չեմ հասկանում: Այդպիսի թեմա չկա»:
Երեկ «ՀԺ»-ի լրագրողի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե թեժ ապրիլին ընդառաջ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր որդուն Արարատի մարզպետ դարձնել եւ այդպիսով մարզը վերցնել իր վերահսկողության տակ:
Մամուլը գրել է, որ այդ նպատակով Հովիկ Աբրահամյանը «կենաց-մահու» պայքար է մղում Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանների դեմ: Ըստ Ալիկ Սարգսյանի, սակայն, խոսակցություններն աբսուրդ են, արհեստածին են: «ՀԺ»-ի հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի կողմից քաղաքականություն վերադառնալու ակտիվացումներ չի նկատել, մասնավորապես, որդուն մարզպետ դարձնելու մասով, Ալիկ Սարգսյանը նկատել է. «Հովիկ Աբրահամյանի որդին պատգամավոր է, չեմ կարծում, որ իրենց նման պաշտոն է պետք: Չկա նման խոսակցություն: Ոնց կար իրանց գործերին են, աշխատում են, չեմ կարծում, որ իրանց դա պետք է կամ շահագրգռվածություն չեմ տեսնում: չեմ կարող ասել՝ քաղաքականություն վերադառնում է, բայց մարզպետի պահով բան չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։