«1 կգ միսը 100-150 դրամով կթանկանա». Հրաչ Բերբերյան
«Միս մատակարարողների կողմից թանկացում կլինի, որովհետև սպանդանոցներում աշխատանք է կատարվում, բայց դա մսի գնի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի։ Մինչ այդ, մարտի 1-ից պահանջն արդեն սկսել է գործել պետական գնումների մատակարարման ոլորտում՝ որպես առաջնահերթություն խստացնելով հսկողությունը մսի նկատմամբ։
Բերբերյանը դրական է գնահատում սպանդանոցների պարտադիր պահանջը. «Վաղ թե ուշ մենք պետք է անցնենք ցիվիլ գյուղատնտեսությանը։ Այստեղ և՛ ռիսկայնությունն է պակասում, և՛ պատասխանատվությունն է բարձրանում, թե որ սպանդանոցից է միսը հայտնվել շուկայում։ Մեր հաշվարկներով՝ 1 կգ միսը 100-150 դրամով կթանկանա»։
Նրա խոսքով՝ առայժմ հիմնական խնդիրն այն է, որ սպանդանոցների թիվը փոքր է։
Ներկայումս հանրապետությունում գործում է 18 սպանդանոց, առաջիկայում կկառուցվի ևս 23-ը։ ՍԱՊԾ-ի տվյալներով՝ ամբողջ հանրապետության պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է 70 սպանդանոց։